Շատ ակտիվ, կազմակերպված տղա էր. զոհված զինծառայող Աշոտ Խաչատրյանի կուրսեցին պատմում է՝ մշտապես կապի մեջ են եղել, զորամասից զանգահարել, խոսել է
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով զոհված, 2001 թվականի ծնված Աշոտ Խաչատրյանը ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ և անցել ծառայության: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց իր կուրսեցին՝ Դանիելա Զանազանյանը: Նա նշեց, որ մշտապես կապի մեջ են եղել Աշոտի հետ և զորամասից զանգահարել, խոսել է:
«Շատ ակտիվ, կազմակերպված տղա էր, բոլորիս հույս էր տալիս, որ կընդունվենք: Իր մայրն էլ էր մեզ հետ ընդունելիության քննություններին եկել և ասում էր՝ դուք կընդունվեք, մյուս տարի ես էլ ձեզ հետ ուսանող եմ դառնալու, տղայիս ճանապարհեմ բանակ, ես էլ եմ ընդունվելու համալսարան»,-պատմեց Դանիելան և նշեց, որ վերջին անգամ խոսել է խաղաղ ժամանակ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։