ՄԱԿ-ում «Իսլամական պետության» ֆինանսավորումը սահմանափակող բանաձև են ընդունել
BlogTert.am-ը գրում է .
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ֆինանսների նախարարներն ընդունել են նոր բանաձև, որն ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման աղբյուրները սահմանափակելուն։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, բանաձևը ներկայացվել է Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։ Փաստաթուղթը կոչ է անում Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կառավարություններին սահմանել նոր օրենքներ, ըստ որոնց՝ ԻՊ-ն ու այն համալրող գրոհայինների ֆինանսավորումը կհամարվի լուրջ հանցանք: Բացի այդ, այն պարտադրում է ստեղծել «սև ցուցակ», որում ներառվելու են ԻՊ-ի անդամները:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր բանաձևի ընդունումը ենթադրում է, որ 120 օրվա ընթացքում բոլոր երկրները պետք է ներկայացնեն ԻՊ-ի ֆինանսական մեկուսացմանն ուղղված քայլերի ձեռնարկման վերաբերյալ մանրամասն զեկույց:
Հայտնի է, որ իսլամիստներն իրենց եկամուտը ստանում են նավթի ու պատմամշակութային արժեք ունեցող հնագույն իրերի ապօրինի վաճառքի, դրամաշորթությունների, գրավյալ տարածքներում հարկերի բարձրացման, ինչպես նաև տարբեր երկրներից ստացվող նվիրատվությունների միջոցով։