Հաղթում է ուժեղը, այլ ոչ լալկանը
BlogԱրթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Չի կարելի ողջ օրը միայն ողբալ, միայն հոռետեսական մտքեր ունենալ ու այն տարածել: Կյանքը, բոլոր պայմաններում, էլի շարունակվել է ու շարունակվում է: Թողեք, որ մարդիկ մի փոքր կարողանան ուրախանալ, ժպտալ: Ամանոր է՝ ուրեմն թող ամանորի տրամադրություններն էլ լինեն:
Հաղթում է ուժեղը, այլ ոչ լալկանը: Միայն ուժեղը կարող է ժպտալ, ծիծաղել ու կատակել: Անգամ ցավի մեջ:
Գ. Նժդեհն այսպիսի վճռակ (աֆորիզմ) ունի.՝ «Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից: Մարդս տառապում է իր անկատարելությունից, որն արդյունք է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների»:
Արցախյան պատերազմի տարիներին, երբ ամեն օր զոհ կար՝ էլի կյանքը կանգ չէր առնում:
Մի դեպք հիշեցի: 1992-ի դեկտեմբերի կեսերին, երբ միաժամանակ մարտեր էլ էին ընթանում, Արցախի բոլոր զորանոցներում, ուր հեռուստացույց ու հասանելի եթեր կար՝ բոլոր զինվորականները նստած նայում էին Հայաստանի ու Ադրբեջանի ՈՒրախների և Հնարամիտների Ակումբի (КВН)-ի եզրափակիչ խաղը: Ու ոչ մեկի մտքով չէր անցնում ասել, որ կռիվ է գնում, ինչու՞ են նման ուրախ հաղորդումներ ցուցադրում:
Այնպես որ, հարգելի հասկացող հայրենակիցներ, համակարգիչների առջև նստած՝ Հայաստանում թե արտերկրում՝ բացասական ու նեգատիվ տրամադրությունների շղթայական «կրակահերթերը» սոցցանցերում մի քիչ նվազեցրեք: Մարդկանց՝ դիմակայելու կյանքի դժվարություններին ու մի փոքր կտրվելու համար առօրյայից՝ երբեմն ուրախ ընդմիջումներ են պետք: Այլապես ավելի եք նպաստում կոտրվելուն ...