Արևմուտքը խրախուսում է հայ-իրանական տանդեմը
BlogՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱՄՆ-ը և ԵՄ-ն սկսել են չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, ինչի արդյունքում Իրանը լուրջ զարգացում ապրելու հնարավորություն է ստանում: Առանձին արևմտյան պետություններ շահագրգռված են իրանական շուկա մուտք գործելու հարցում: Արևմուտքի տեսադաշտից չի վրիպում նաև հայ-իրանական ջերմ հարաբերությունների առկայությունը տարածաշրջանում, ինչը կարող է լավ հիմք ծառայել նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու համար:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին նշել է, թե Հայաստանն ու Իրանը կարող են էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերն առաջ տանել, ակտիվացնել ավանդական ոլորտներում առևտուրը։ Բեյլին հավելել է նաև, որ Հայաստանը կարող է նաև միջնորդ դառնալ Իրանի և Եվրասիական միության միջև. «Հայաստանը ԵՏՄ միակ անդամն է, որ ընդհանուր սահման ունի Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ։ Գուցե Հայաստանը դարպաս լինի այլ երկրների համար, որոնք կցանկանան աշխատել Իրանի հետ»,-ընդգծել է Բեյլին:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարի այս հայտարարությունը փաստում է այն մասին, որ Արևմուտքի շահագրգռված է հայ-իրանական համագործակցության խորացմամբ, և խրախուսում է հայ-իրանական գործակցությունը: Պետք չէ բացառել նաև հեռանկարում հայ-իրանական համատեղ ծրագրերին Արևմտյան երկրների մասնակցությունը: