Էդվարդ Նալբանդյանը մոտակա օրերին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
ՔաղաքականությունՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մոտակա օրերին նոր հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտարարեց Նալբանդյանը 2015թ. տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում` ընդգծելով, որ հայկական կողմը հանձնառու է շարունակել աշխատանքը համանախագահների հետ` ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում:«Բանակցություններին այլընտրանք չկա, շարունակելու ենք ջÕ �նքերը եռանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը գտնելու հարցում: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել` մոտակա օրերին հանդիպելու եռանախագահների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:
Նա նկատեց նաև, որ Ադրբեջանը չի կարողանում իր մաքսիմալաիստական, միակողմանի դիրորոշումն ըմբռնելի դարձնել միջազգային հանրության համար: Իսկ հայկական կողմը խոսում է միջազգային հանրության հետ «միևնույն ձայնով»:
Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները: