ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև համագործակցության հուշագիրը պատրաստ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում
ՔաղաքականությունՀայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՅ Դաշնակցության միջև քաղաքական համագործակցության հուշագիրը պատրաստ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:«Նիստի ընթացքում մենք քննարկել ենք ՀՅԴ-ի հետ համագործակցության հուշագրի մանրամասները: Մենք քննարկել ենք այդ համաձայնագրի նախագիծը: Այս շաբաթվա ընթացքում կներկայացնենք մեր առաջարկները, իսկ հաջորդ շաբաթվա ընթացքում հուշագիրը վերջնական տեսքի կբերվի և պատրաստ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ հուշագիրը կոչվելու է «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր»: ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև համագործակցության հիմքում հայ ժողովրդի շահն է: Համաձայնագրի հիմքում նաև համահայկական հռչակագրի, ինչպես նաև փետրվարի 12-ին հանրապետության Նախագահի ծրագրային ելույթի դրույթներն են:
Անդրադառնալով դիտարկմանը, թե հուշագրի ստորագրումը ձգձգվում է, Շարմազանովը պատասխանեց. «Եթե մի բանը լուրջ նպատակ է հետապնդում, չի կարող մեկ-երկու օրվա մեջ լինել: Ես արդեն ասացի, որ մենք ծանոթացել ենք համաձայնագրի նախագծին, այս շաբաթվա ընթացքում կներկայացնենք մեր առաջարկները, իսկ հաջորդ շաբաթ արդեն կունենանք վերջնական համաձայնագիրը»: