ՀՅԴ-ն դեռ չի քննարկել ԱԺ-ում Արծվիկ Մինասյանին փոխարինողի հարցը
ՔաղաքականությունՀՅԴ-ում չեն քննարկել հարցը, թե ով է խորհրդարանում փոխարինելու պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ով առաջիկայում նշանակվելու է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Այդ հարցը մենք դեռ չենք քննարկել»,- &laq uo;Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ է ԱԺ-ում փոխարինելու Արծվիկ Մինասյանին:
Արմեն Ռուստամյանը հերքեց նաև խոսակցությունները, թե Շիրակի մարզպետի պաշտոնի թեկնածուի հարցում ՀՅԴ-ում տարաձայնություններ կան: «Նման բան չկա, ամեն ինչ արդեն հստակեցված է: Եկող շաբաթ կիմանաք»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Պատգամավորը նկատեց, որ իրենք իրատես են, գիտակցում են, որ շատ խնդիրներ կան լուծելու: «Մենք պետք է կարողանանք հնարավորինս համախմբել բոլոր ռեսուրսները, որպեսզի հնարավոր լինի առկա խնդիրներին արագ լուծում տալ»,- հավելեց Ռուստամյանը:
Նա հավելեց, որ ՀՀԿ-ի հետ կա գաղափարական, քաղաքական նույնություն, որի հիմքի վրա հնարավորություն կար համագործակցություն ձևավորել: «Դրա համար եմ ասում, որ սա չպետք է դիտարկել որպես կոալիցիոն համաձայնություն պաշտոնների և պորտֆելների համար: Սա հեռանկարային համագործակցություն է: Մենք շատ երկար ենք բանակցել, որպեսզի կարողանանք հիմնական տարաձայնությունները հարթել, որպեսզի հետագայում նման խնդիրներ չունենանք»,- եզրափակեց ՀՅԴ-ական պատգամավորը: