Քաղհասարակությունն ու քաղաքական գործիչները քննարկում են Ընտրական օրենսգրքի բարեփոխման իրենց տեսլականը
ՔաղաքականությունՔաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարևորում են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումները` Հայաստանի ապագայի համար 2017-ի խորհրդարանական ընտրությունները համարելով բախտորոշ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 29-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հրավիրել է ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկում, որին մասնակցում են քա ղաքական ուժերի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ, Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նկատեց, որ առաջիկա համապետական ընտրություններով ազդարարվելու է խորհրդարանական կառավարման համակարգի գործառնության մեկնարկը: «Կարևորում ենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում մեր սկզբունքների արտացոլումը, քանի որ դրա միջոցով է ձևավորվելու հաջորդ իշխանությունը»,-ասաց Լարիսա Մինասյանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ քաղհասարակության մի քանի ներկայացուցիչ կազմակերպություններով մշակել են առաջարկություններ, որոնք ցանկանում են իրագործված տեսնել նոր Ընտրական օրենսգրքում: Նա նշեց, որ քննարկմանը հրավիրվել էին իշխող ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներին, սակայն, նրանք չեն մասնակցում:
ԲՀԿ խմբակցության փորձագետ Դավիթ Ոսկանյանը տեղեկացրեց, որ իրենց քաղաքական ուժը ստեղծել է աշխատանքային խումբ, որը ներկայում աշխատում է առաջարկությունների մշակման ուղղությամբ: «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պատրաստ է աշխատելու քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախագծի շուրջ: Պետք է մշակել այնպիսի մեխանիզմներ, որ տեղի ունենան արդար, թափանցիկ ու ժողովրդի վստահությունը վայելող ընտրություններ»,-ասաց փորձագետը:
Կարևորելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հիմնարար նշանակությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավար զարգացման համար` քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ իրենց մտահոգություններն ու առաջարկություններն են ամբողջացրել երեք հիմնարար կետերում: Նրանք անհրաժեշտ են համարում Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների թափանիցիկությունը` քաղհասարակության բոլոր հնարավոր դերակատարների ու քաղաքական կուսակցությունների ներգրավվածությամբ:
Նոր Ընտրական օրենսգրքում մի շարք գործիքների ու լուծումների ներմուծումը, որոնք կնպաստեն ընտրական համակարգի բարեվարքության ու թափանցիկության բարձրացմանը: Մասնավորապես, խոսք է գնում ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, բացակա ու առկա ընտրողների առանձնացված ցուցակների մատչելիությանը ընտրությունից առաջ, ընտրատեղամասերի` առնվազն 5 տեսախցիկով ապահովումը` ուղիղ առցանց հեռարձակման հնարավորությամբ: