Նաիրա Զոհրաբյանը լիահույս է, որ Գոհար Ենոքյանը կալանքից կազատվի
ՔաղաքականությունՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի հետ: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց պատգամավորը, նա գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին է ներկայացրել ձերբակալված ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանի առողջական վիճակի վերաբերյալ իր մտահոգությունները' կոչ անելով նրա նկատմամբ որպես խափանման միջոց չկիրառել կալանքը: «Մենք իրավական խնդրին չենք անդրադարձել, խոսել ենք բացառապես նրա մասին, որ այսօր' 17:40-ին, երբ կլրանա տիկին Ենոքյանի ձերբակալման 72 ժամը, նրա հանդեպ կալանքը որպես խափանման միջոց չընդունվի: Ես տպավորություն ստացա, որ Գևորգ Կոստանյանը ևս մտահոգ է Գոհար Ենոքյանի առողջական վիճակով: Ես գրեթե լիահույս եմ, որ ժամկետը լրանալուն պես Գոհար Ենոքյանը կլինի ազատության մեջ: Դատախազը ևս գտնում է, որ նման տարիքի ու նման առողջական խնդիրներով կինը չի կարող դիմանալ այդ ռեժիմին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ Գոհար Ենոքյանը հավաստիրացրել է' լինելով ազատության մեջ նա շահագրգռված է լինելու արդար, բաց դատավարության և դատարանում կապացուցի իր անմեղությունը:
Նախկին պատգամավոր, գործարար, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ստորագրահավաքին ավելի վաղ մասնակցել էր ՀՀ ԱԺ 37 պատգամավոր: Ստորագրահավաքի ձևաթուղթն ու Գոհար Ենոքյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհարիկ Ենոքյանը:
Նախաքննությունը շարունակվում է: