Սամվել Կարապետյանի գործով բացակայում են իրավունքի և օրենքի հենարանները․ Արամ Վարդևանյան
ՔաղաքականությունԳործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործն իրավական հիմքեր չունի և ամբողջությամբ պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա առանձնացրել է իրավական և քաղաքական դաշտերը՝ պնդելով, որ իրավունքն ու օրենքը տվյալ գործում ուղղակի բացակայում են։
«Իրավաբանները և փաստաբանները մշտապես հենվում են իրավունքի և օրենքի վրա, բայց այստեղ այդ հենարանները չկան, այս գործով այդ երևույթները բացակայում են։ Շատ հստակ առկա է քաղաքական հետապնդում»,- ասել է Վարդևանյանը։
Փաստաբանի խոսքով՝ 2025 թվականի հունիսի 17-ից, երբ դրվեցին «ֆեյսբուքյան արդարադատության հիմքերը», մինչ օրս ՀՀ-ում տապալվել են իրավական պետության հիմնարար սկզբունքները։
«Բարձր պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր էր ապահովել իրավունքի գերակայություն, ոչ թե իրավունքի խախտում կամ միջամտություն դատական համակարգի գործունեությանը»,- հավելել է նա։
Վարդևանյանը նաև հայտնել է, որ դատախազն ու քննիչը գործում են համատեղ, ինչը չպետք է լինի, քանի որ դատախազը պետք է հսկի քննիչին․ «Համատեղ գործելով՝ չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչի համար Սամվել Կարապետյանը պետք է լինի կալանավորված, բայց նա կալանավորված է…»։