Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց
Ուշադրության կենտրոնումԹվային միջավայրի զարգացումը չպետք է օգտագործվի ի վնաս երեխային։ Այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանությունն՝ անդրադառնալով առցանց տարբեր հարթակներում մեծահասակների կողմից տարածած՝ երեխաների մասնակցությամբ տեսանյութերին։
«Վերջին շրջանում առցանց տարբեր հարթակներում տարածում են գտնում, այսպես կոչված՝ թրենդային տեսանյութեր, որտեղ մեծահասակները, հիմնականում՝ ծնողները, երեխաների հույզերն օգտագործելով՝ նրանց մոտ առաջացնում են լաց կամ հուզական այլ վիճակ, այնուհետև դիտումներ հավաքելու, հանրային կարեկցանքի կամ շահույթ ստանալու ակնկալիքով տեսանյութը տեղադրում են սոցիալական ցանցի անձնական էջերում։
Երեխաների մասնակցությամբ նման տեսանյութերը կարող են խաթարել նրանց հուզական վիճակը, վնասել իրավունքներն ու լավագույն շահը»,– զգուշացնում են ոստիկանությունից՝ ծնողներին հորդորելով զերծ մնալ նման գործողություններից՝ գիտակցելով դրանց հնարավոր հետևանքները։
ՆԳՆ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել անցանկալի հետևանքներ ենթադրող, զգայունություն ունեցող երևույթները։