Գիտնականները կարծում են, որ մարդու կյանքի ամենահոգնեցուցիչ, տաղտկալի շրջանը 40 տարեկանից հետո տարիքն է, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Բրիստոլի համալսարանի անատոմիայի պրոֆեսոր Միշել Սփիրին։
Նրա խոսքով՝ միջին տարիքում տեղի է ունենում «կենսաբանության և աշխատանքային ծանրաբեռնվածության միջև անհամապատասխանություն». մարմինը դեռևս ունակ է էներգիա արտադրելու, բայց դա անում է ավելի քիչ արդյունավետ, մինչդեռ պահանջմունքները՝ կարիերան, ընտանիքը, սթրեսը, գագաթնակետին են հասնում։ 40 տարեկանից հետո մկանային զանգվածը նվազում է, քունը վատանում է, իսկ սթրեսի նկատմամբ զգայունությունը մեծանում է։
Կանանց մոտ հորմոնալ փոփոխությունները լրացուցիչ գործոն են։
Երիտասարդության շրջանում մարմինն ավելի արագ է վերականգնվում և ավելի լավ է հանդուրժում քնի պակասը և սթրեսը։
Գիտնականները, սակայն, ընդգծում են, որ էներգիայի անկումը ժամանակավոր է։ 60 տարեկանից հետո շատ մարդկանց էներգիայի մակարդակը կայունանում է սթրեսի նվազման և ավելի հանգիստ կենսակերպի շնորհիվ։
Կանոնավոր քունը, ուժային մարզումները և հավասարակշռված սննդակարգը օգնում են պահպանել էներգիան ցանկացած տարիքում։