Հետազոտությունը բացահայտել է՝ բնակության պայմանները կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի ելքերի վրա
LifeJAMA Network Open-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կյանքի պայմաններն ու ֆինանսական բեռը կարող են կապ ունենալ կրծքագեղձի քաղցկեղով կանանց ավելի ցածր գոյատևման ցուցանիշների հետ։ Գիտնականները վերլուծել են հազարավոր պացիենտների տվյալներ և դրանք համադրել բնակության շրջանների սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների հետ։
Ավելի քան 5,5 հազար ցուցանիշներից առանձնացվել են չորս հիմնական գործոններ, որոնք առավել հաճախ հանդիպել են վատ ելքեր ունեցող կանանց մոտ՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար բարձր բնակարանային ծախսեր, վերջերս կատարված տեղափոխություն, վարձակալված և գերբնակեցված բնակարաններում (վեց և ավելի մարդ) ապրելու պայմաններ, ինչպես նաև պետական մանկապարտեզ հաճախող երեխաների բարձր բաժին։ Հետազոտողները նշում են, որ այս բոլոր գործոնները այս կամ այն կերպ կապված են ֆինանսական սթրեսի հետ։
Մասնագետների կարծիքով՝ քաղցկեղի բուժումն ինքնին պահանջում է զգալի ծախսեր և կարող է հանգեցնել աշխատանքի կորստի կամ եկամուտների նվազման։ Եթե դրան ավելանում են բնակարանի բարձր ծախսերը կամ անկայուն կենցաղային պայմանները, ընդհանուր բեռը մեծանում է։ Գիտնականները կարծում են, որ նման սոցիալական գործոնների հաշվառումը կարող է օգնել վաղ փուլում հայտնաբերել ռիսկային խմբում գտնվող պացիենտներին և մշակել ոչ միայն բժշկական, այլև սոցիալական աջակցության միջոցառումներ։