Աշխատանքներ են տարվում ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ. Շարմազանով
ՔաղաքականությունԱյս պահին աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ևՀայաստանի միջև ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատ գամավոր Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, թե ժամանակն է, որպեսզի Ազգային ժողովը քննարկի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը: «Ես կիսում եմ ձեր մտահոգությունը, կարծում եմ, որ կա նման խնդիր: Բայց դուք տեղյակ եք, որ հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ նախագահը հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանն աշխատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Հիմա աշխատանքներ գնում են այդ ու ղղությամբ: Երբ ավարտվեն աշխատանքները, ստորագրությունները լինեն, մենք կքննարկենք Ազգային ժողովում նաև այդ հարցը, ամեն ինչ հերթով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 18 տանկ, մեկ «Գրադ» կայանք:
Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: