Արցախից տեղահանված 8 երեխաների մայրը փողոցում կհայտնվի
ՀասարակությունԱրցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղից բռնի տեղահանված, 8 երեխաների մայր 42-ամյա Ժաննա Պետրոսյանը փողոցում հայտնվելու վտանգի առաջ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում կինը պատմեց, որ մինչև ապրիլի 10-ը ժամանակ ունի. պետք է լքի տունը։
«7 անչափահաս երեխաներիս հետ ապրում եմ Վայոց Ձորի Գետափ գյուղում։ Մեծ աղջիկս ամուսնացել է և մեզ հետ չի բնակվում։ Ամուսինս, հիվանդության պատճառով, նոյեմբերին մահացել է։ Այդ ամսվանից մեր տան գազը կտրած է։ Տան վարձ էլ չեմ կարողանում տալ։ Տանտերն ասել է, որ կուտակված տան վարձը՝ 150.000 դրամը մինչև ապրիլի 10-ը վճարենք ու ազատենք տունը։ 65.000 դրամ էլ տան պատը «խազելու» համար է ուզում։ Այս մինիմալ պայմաններ չունեցող տան, որը հիմա նույնիսկ չեմ կարողանում տաքացնել, որպեսզի երեխաներս չմրսեն»,- դառնացած պատմեց կինը։
Ամուսնու մահանալուց հետո ընտանիքը ոչ մի ֆինանասկան միջոցներ չունի։ Կինը այլևս չի աշխատում. ամուսնուն էր խնամում, հիմա էլ՝ ընտանիքի թղթաբանությամբ է զբաղված։ Ընտանիքը զրկվել է նաև երեխաներին հատկացվող բնակվարձի աջակցության ծրագրից։
«Երեխաներս ամուսնուս վրա էին գրանցված և բնակվարձի աջակցություն էինք ստանում։ Ես 1992-2005 թվականներին ապրել եմ ՌԴ-ում և այնտեղի քաղաքացիություն ունեմ։ Ամուսնուս մահից հետո ի՞նչ է, ես ու երեխաներս էլ Արցախից տեղահնված չե՞նք։ Նոյեմբերից ոչինչ չենք ստանում։ Հիմա ես ի՞նչ անեմ։ Ամբողջ օրը թղթաբանությամբ եմ զբաղված՝ մեր անձնագրայինից Դավթաշենի անձնագրային ճանապարհի վրա եմ։ Չգիտեմ՝ բան կստացվի՞, թե՞՝ ոչ, որ հետո էլ կարողանանք բնակապահովման ծրագրին դիմել»,- ասաց Ժ. Պողոսյանը։
Տանտերը 3 օր առաջ է պահանջել ազատել տունը։ Կինը նշում է, որ վերջինս նաև աջակցություն ստացած արևային կայանն է ցանկանում իրենից վերցնել։
«Ուզում է արևային կայանը և ջրատաքացուցիչը խլել։ Ասում է՝ դեռ տեղադրելու ժամանակ եմ ամուսնուդ հետ պայմանավորվել, որ հետո չենք հանի և այն կմնա իրեն։ Իրոք չգիտեմ՝ ի՞նչ անել»,- ասաց նա։
8 երեխաների մայրը կարոտով է հիշում Արցախը։ Նշում է՝ այնտեղ էլ էին վարձով ապրում, բայց ամուսինը կողքին էր, աշխատում էր հանքում և լավ վարձատրվում։
«Լյավ էինք ապրում։ Մեր Ղարաբաղ լյավ էր»,- շեշտեց նա։