Ինքնաձիգ են կրում նույնիսկ հովիվները. կյանքը Մատաղիսում հակառակորդի հրետակոծությունից հետո. ArtsakhTV
TVԱրցախի սահմանամերձ Մատաղիս-Մարտակերտ ճանապարհահատվածում հակառակորդի հրետակոծության հետեւանքով վնասվել է 3 կմ էլեկտրագիծ, գյուղն արդեն երեք օր է՝ հոսանքազրկված է: Այս մասին հաղորդում է «Արցախ TV»-ին:
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ վնասվել է «Մատաղիս 1» հիդրոկայանը, ինչը նշանակում է, որ էլեկտրիկները էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ շատ անելիքներ ունեն:
Հակառակորդի հրետակոծությունից վիրավորում ստացած համայնքի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանից մատաղիսցիները ակնկալում են էլեկտրամատակարարման, ապա հրետակոծությունից տուժած տների վերականգնում:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Մատաղիս կատարած շրջայցի ժամանակ գյուղացիներին վստահեցրել է, որ առկա խնդիրները կարճ ժամանակահատվածում լուծվելու են, իսկ գյուղացիները կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին, նրանց անվտանգությունն ապահովված է:
Մատաղիսում կյանքը բնականոն հունի մեջ է, սակայն գյուղացիները աչալրջությունը չեն կորցնում: Վերջին դեպքերից հետո գյուղում ինքնաձիգ են կրում նույնիսկ հովիվները: Մատաղիսում միայն տղամարդիկ են, ապահովության համար գյուղից տարհանված կանայք եւ երեխաները դեռեւս չեն վերադարձել: