ՉԼ․ Գոլային հրավառություն՝ Փարիզում․ ՊՍԺ-ն 5:4 հաշվով հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակչի առաջին խաղում իսկական գոլառատ հրավառություն գրանցվեց. ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում 5:4 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:
Հանդիպումը, որը սպասարկում էր շվեյցարացի մրցավար Սանդրո Շերերը, սկսվեց հյուրերի ակտիվությամբ։ 17-րդ րոպեին Հարի Քեյնը անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու առաջ մղեց մյունխենցիներին: Սակայն փարիզեցիները արագ գտան պատասխանը. 25-րդ րոպեին Խվիչա Կվարացխելիան հավասարեցրեց հաշիվը, իսկ 33-ին Ժոաու Նևեշն արդեն առաջ մղեց դաշտի տերերին:
Առաջին խաղակեսի վերջնամասը չափազանց թեժ ստացվեց. 41-րդ րոպեին Մայքլ Օլիսեն վերականգնեց հավասարությունը, բայց ընդմիջումից առաջ՝ 45+5-րդ րոպեին, Ուսման Դեմբելեն հստակ իրացրեց ՊՍԺ-ի վաստակած 11-մետրանոցը՝ 3:2:
Երկրորդ խաղակեսի մեկնարկը իսկական մղձավանջ էր «Բավարիայի» համար: 56-րդ րոպեին Կվարացխելիան դուբլ ձևակերպեց, իսկ ընդամենը երկու րոպե անց Դեմբելեն ևս խփեց իր երկրորդ գնդակն այս խաղում՝ հաշիվը դարձնելով 5:2:
Թվում էր՝ ՊՍԺ-ն վճռել է հանդիպման ելքը, սակայն բավարացիները ցույց տվեցին իրենց բնավորությունը: 65-րդ րոպեին Դայո Ուպամեկանոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 69-ին Լուիս Դիասը խփեց հյուրերի չորրորդ գնդակը՝ վերադարձնելով ինտրիգը այս դիմակայությունում։
Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին Մյունխենի «Ալիանց Արենայում»:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում ՊՍԺ-ն երկու խաղերի արդյունքում 4:0 հաշվով պայքարից դուրս էր թողել «Լիվերպուլին», իսկ «Բավարիան» 6:4 հաշվով առավելության էր հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ