Շվեդիան և Հայաստանը ամրապնդում են խորհրդարանական համագործակցությունը
Ուշադրության կենտրոնումՇվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության վերաձևավորված խումբն անդրանիկ նիստն է գումարել Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր է գնահատել բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնությունը:
Դեսպան Ապիտոնյանը երախտագիտություն է հայտնել մասնակիցներին և կարևորել խմբի առաքելությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Շվեդիայի և Հայաստանի միջև խորհրդարանական համագործակցության խթանման գործում: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներկա քաղաքական և տնտեսական իրավիճակը, հայ-շվեդական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Բարեկամության խմբի մեջ ընդգրկված են Շվեդիայի օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր քաղաքական խմբակցությունների անդամներ։ Խումբը գլխավորում է խորհրդարանի փոխխոսնակ, Կանաչների կուսակցության անդամ Իսաբել Դինգիզյանը, իսկ տեղակալի պաշտոնը կստանձնի Ձախ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հանս Լինդեն: