ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները ծրագրում է 500-ական դոլար վճարել արտոնյալ բժշկական ապահովագրության ծրագրին մասնակցող շուրջ 1 մլն ամերիկացու։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Խոսքը ԱՄՆ 44-րդ նախագահ Բարակ Օբամայի անունով Obamacare անվանումը ստացած՝ առևտրային ապահովագրություն չունեցող ԱՄՆ քաղաքացիների պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի մասին է։ Թրամփի վարչակազմը գտնում է, որ վերջին տարիներին ապահովագրական հիմնադրամում ավելորդ միջոցներ են գոյացել ծրագրի մասնակիցների կողմից կատարված հավելավճարների պատճառով։ Հավելյալ գումարներ են ձևավորվել նաև արտոնյալ ապահովագրական ծրագրի շրջանակներում ծախսերի կրճատմանն ուղղված Թրամփի քաղաքականության հաշվին։
Այս միջոցները փոխանցվել են պետական հաշիվներին, և այժմ Թրամփի վարչակազմը ծրագրում է դուրս գրել 500 դոլարի փոխհատուցման շուրջ 1 մլն չեկ։ Axios-ը նշում է, որ Թրամփը մտադիր է այս վճարումները ընտրողներին ներկայացնել որպես առողջապահության ոլորտում վարչակազմի հաջողություն և դրանով իսկ բարձրացնել ԱՄՆ Հանրապետական կուսակցության աջակցության մակարդակը։
Սեպտեմբերի 10-ին Թրամփը հանդես է եկել նաև հայտարարությամբ, որում խոստացել է չափահաս ամերիկացիներին վճարել 5-ական հազար դոլար այն դեպքում, եթե հանրապետականները պահպանեն իրենց վերահսկողությունը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում։
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին, դրանց ընթացքում կվերընտրվեն Կոնգրեսի Սենատի 100 անդամներից 33-ը և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները։ Հանրապետականներն այժմ վերահսկում են օրենսդիր մարմնի երկու պալատները։