Դե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ
ՍպորտԻսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենների խորհուրդը, Ռաֆայել Լոուսանի գլխավորությամբ, միաձայն հաստատել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի պայմանագրի երկարաձգումը։ Իսպանացի մասնագետը կշարունակի գլխավորել «Ֆուրիա Ռոխան» ևս 6 տարի՝ մինչև 2032 թվականը։
Այս որոշումն ընդունվել է 2026 թվականի Աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի տպավորիչ հաղթանակից հետո: Թեև նախկինում լուրեր էին շրջանառվում, որ մարզչի նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը, ֆեդերացիան որոշել է ավելի երկարաժամկետ վստահություն հայտնել իրենց համակարգի սանին:
2022 թվականից ազգային հավաքականի ղեկը ստանձնած Դե լա Ֆուենտեն արդեն իսկ կերտել է պատմական դարաշրջան. նրա գլխավորությամբ իսպանացիները նվաճել են Ազգերի լիգայի (2022/23), Եվրո-2024-ի և ԱԱ-2026-ի գավաթները՝ գրանցելով պատմության մեջ ամենաերկար անպարտելի շարքը:
«Մենք նպատակ ունենք կառուցել կայունության և վստահության վրա հիմնված նախագիծ։ Սա Լուիս դե լա Ֆուենտեի և նրա գլխավորած սպորտային նախագծի նկատմամբ լիակատար վստահության դրսևորում է։ Մենք խոսում ենք հավաքականի պատմության ամենատիտղոսակիր մարզչի մասին, և մեր տանն անցկացրած 14 տարիներից հետո նա միանգամայն արժանի է այս երկարաժամկետ ապագային»,- նշել է RFEF-ի նախագահ Ռաֆայել Լոուսանը:
Նոր պայմանագրով Դե լա Ֆուենտեն թիմը կնախապատրաստի գալիք երկու Եվրոպայի առաջնություններին (2028 և 2032 թթ.), ինչպես նաև 2030 թվականի Աշխարհի առաջնությանը, որն Իսպանիան կհյուրընկալի Պորտուգալիայի, Մարոկկոյի, Պարագվայի, Ուրուգվայի և Արգենտինայի հետ համատեղ: