Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար
ՄիջազգայինԱՄՆ-ը Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Ալիմովին վիզա չի տրամադրել՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովին, գրում է Current time-ը։ «Չեմ հիշում, որ երբևէ Ռուսաստանի Դաշնության պատվիրակների՝ ՄԱԿ-ի հարթակում անցկացվող միջոցառումներին մասնակցելու համար ներկայացված վիզայի բոլոր դիմումները լիովին բավարարված լինեն»,- ասել է նա։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ վիզայի տրամադրումը մերժելու հարցը ԱՄՆ իշխանությունների հետ քննարկումների թեմաներից մեկը կլինի։ Նրա խոսքով՝ դա խախտում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալող երկրի պարտավորությունները։ Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին կմեկնարկի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթը։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լոգվինովը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ում, ինչպես սպասվում է, կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բանակցությունների հիմնական թեման, այսպես կոչված, էներգետիկ հրադադարի հնարավորության քննարկումն է։ Վերջին շրջանում Թրամփը բազմիցս անդրադարձել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածների թեմային՝ նշելով, որ դրանք հանգեցնում են դիզելային վառելիքի գների աճի։ Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել նման հարվածներից, եթե Ռուսաստանը չհարվածի Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի