Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ
Monument watch-ը ահազանգում է․
«Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպը այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ:
Ադրբեջանում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակության այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և ոմն «մասնագետ» Ռազմովարը Գանձասարի վանական համալիրի բակում գտնվող Ներսես Հասան Ջալալյանցի տապանաքարը ներկայացնում որպես աղվանական (https://www.facebook.com/reel/1046648908355674) ։
Չենք մեջբերի կիսագրագետ և պահի տակ հնարած երևակայությունները: Մեկ Ներսեսի անունը Գասան Ջալալ է, մեկ Ալահվերդի, մեկ Ալահվերդի օղլու, կամ էլ Ալահվերդիբեկովիչը ազգանուն է, այն էլ թուրքական, կամ էլ նա 13-րդ դարի առաջին կեսում ապրած Հասան Ջալալի թոռն է: Ուշագրավ է, որ Հաջիևը ձեռքը դնում է Ներսես անվան վրա, բայց այդպես էլ չի տեսնում և չի ընթերցում այն:
Ներսեսի տապանաքարը պատկանում է 19-րդ դարի կեսերից Արցախում տարածված խաչակիր բարդ կառույցների թվին՝ բաղկացած լայն խարսխից, պատվանդանից, քառակող սյունից, երկաստիճան խոյակից և նրա վրա ամրացված թևավոր խաչից (նկ. 1): Նման տապանաքարերն Արցախում տարածվել են ռուսական համանման կոթողների ազդեցությամբ և Արցախի համարյա բոլոր գերզմանոցներում, ներառյալ Գանձասարինը, կան օրինակներ (նկ. 2 Գանձասար, նկ. 3 Շոշ, նկ. 4 Շուշի):
Հիմնական արձանագրությունը (նկ. 5) փորագրված է սյան արևմտյան կողին ուղղանկյուն շրջանակի մեջ: Այն ռուսերեն է և հայտնում է. «Доктор меди/цины Берлинс/кого Универс/итета Гасан-Джа/лалянц Нер/сес Алахвер/дибекович/ (1/1 1886-1/V 1911»: Արձանագրությունից կարելի է հասկանալ, որ Ներսեսը վախճանվել է երիտասարդ հասակում, երևի համալսարանը հազիվ ավարտած: Տապանաքարի խարսխի վրա, հյուսիսային կողին կա հայերեն արձանագրություն, որը հայտնում է կոթողի վերանորոգման մասին: Մոտ 17-րդ դարից ի վեր Ջալալյանց ձևը Հասան Ջալալի հետնորդների տոհմական ազգանուն էր, ստեղծված Ջալալ անձնանվան և եանց ազգանվանական վերջածանցով, որը հայ իշխանական տների համար սովորական էր սկսած հայ գրի կիրառման սկզբից: Նույնը կարել է ասել Ներսես անձնանվան մասին, որը հայերի մեջ կիրառվում է 5-րդ դարից ի վեր և տարածված անուն էր նաև Արցախում, ներառյալ նաև Աղվանից կաթողիկոսների անվանաշարքը: Հայրանվան օգտագործումը նույնպես որևէ սենսացիայի հիմք չի տալիս: Ալավերդի են կոչվել նաև Խաչենի մի քանի հայ մելիքներ: Եվ մեր երիտասարդի հայրը գուցե դրանց շառավիղներից մեկն է:
Այսպիսով մեր առաջ արցախցի մի երիտասարդի տապանաքար է, որ հազիվ թե լսած լինի Աղվանքի մասին: Ցավոք մեր երիտասարդի մասին այլ տեղեկություններ չկան: Վանք գյուղում պատմում էին, որ երիտասարդը եկել էր պայքարելու տիֆի դեմ, վարակվել ևմահացել: Միայն հավանական կարելի է համարել, որ մինչև համալսարան ընդունվելը նա իր կրթությունը ստացած կլիներ Շուշիի ռեալական ուսումնարանում, ուր ուսուցումը տարվում էր ռուսերեն:
Այսպիսով, Գանձասարի բակում հայ երիտասարդի հուշարձանի և դրա հետ կապված հայկական պատմամշակութային համատեքստը վեր է ածվում անձնանունների և ազգանունների ոչ մասնագիտական, կենցաղային մեկնաբանությունների միջոցով պատմական ինքնության վերաձևակերպման փորձի։ Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ նման մեկնաբանությունները ներկայացվում են օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Մեր արձագանքը
Միջազգային ժառանգության իրավունքի տեսանկյունից նման ներկայացումները ժառանգության ինքնության խեղաթյուրում են: 1972 թվականի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները պետություններից պահանջում են ապահովել մշակութային ժառանգության նույնականացումը, պաշտպանությունը, պահպանումը, ներկայացումը և ապագա սերունդներին փոխանցումը։ Այս շրջանակում Նարայի փաստաթուղթը մշակութային ժառանգության իսկությունը կապում է դրա արժեքների արժանահավատ և ճշմարտացի ներկայացման հետ՝ հաշվի առնելով, այդ թվում, նյութը, ձևը, գործառույթը, ավանդույթները, տեղադրությունը և լեզուն։ 2005 թվականի UNESCO-ի Կոնվենցիան ամրագրում է մշակույթների հավասար արժանապատվության և հարգանքի, ինչպես նաև մշակութային բազմազանության պահպանման սկզբունքները, իսկ 2003 թվականի Կոնվենցիան շեշտում է ժառանգության փոխանցումը սերունդների միջև և դրա կապը համայնքների ինքնության ու շարունակականության հետ։ Հետևաբար, հուշարձանի պատմության, վիմագրերի, լեզվի և մշակութային պատկանելության վերաբերյալ չհիմնավորված պնդումների պետական տարածումը կարող է խաթարել դրա իսկության և պատմական արժեքների արժանահավատ ներկայացումը։ Գանձասարի դեպքում նման գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորում, երբ հուշարձանի պատմության վերաձևակերպումը ծառայեցնում է որոշակի ազգային-պատմական նարատիվի ձևավորմանն ու տարածմանը»։
Հետևեք մեզ՝ այստեղ