Ամերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ
ԱՄՆ-ի արհեստական բանականության (ԱԲ) մշակման առաջատար ընկերությունների ղեկավարները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել, որով պարտավորվում են ուժեղացնել ԱԲ մոդելների ներքին վերահսկողությունը։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։
«Սպիտակ տան համաձայնագիր գերբանականության ոլորտում համատեղ պարտավորությունների մասին՝ կապված առաջատար գերբանականության պատասխանատվությունների հետ» կոչվող համաձայնագրի ստորագրման մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո։
Հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ, այդ թվում՝ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, OpenAI-ի նախագահ Գրեգ Բրոքմանը, Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և xAI-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։
Ջոնսոնի խոսքով՝ փաստաթուղթն արհեստական բանականություն մշակողների համար սահմանում է մի շարք կամավոր պարտավորություններ։
Թրամփը համաձայնագիրը որակել է որպես «գրեթե սահմանադրություն» և «բարոյապես պարտավորեցնող» փաստաթուղթ՝ նշելով, որ այն ներառում է ոլորտի համար «ինքնակարգավորման ասպեկտ»։ Նա հավելել է, որ նաև դիտարկվում է հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, որը կարող է «վերահսկել ամբողջ կառույցը»։
Ցուկերբերգն իր հերթին նշել է, որ համաձայնագրի հիմնական գաղափարն է վստահություն ներշնչել ամերիկացիներին և իրենց հաճախորդներին, որ «տեխնոլոգիան գործում է այնպես, ինչպես մենք նախատեսել ենք»։ Համաձայնագրի շրջանակում, ըստ Meta-ի ղեկավարի, ընկերությունները պարտավորվում են ստեղծել ներքին վերահսկողության և խախտումների հայտնաբերման հուսալի համակարգեր։ Դրան զուգահեռ նախատեսվում է նաև աուդիտի իրականացում՝ մի քանի մակարդակով։
Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել ԱԲ ոլորտի համար լարված ժամանակաշրջանում. վերջին ամիսներին ոլորտը քննադատության է ենթարկվում ԱԲ մի շարք ընկերությունների գործակալների կողմից այլ ընկերությունների վրա հաքերային հարձակումների պատճառով: Մասնագետները նաև ավելի ու ավելի հաճախ են մտահոգություններ հայտնում մարդկության համար տեխնոլոգիայի հնարավոր ռիսկերի վերաբերյալ: