Նիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ի կառավարության նիստում անդրադարձել է «Նոայի» ակադեմիա կատարած այցին, Երևանում բացված «Յուվենտուսի» ակադեմիային և Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը՝ ընդգծելով ոլորտում իրականացվող ներդրումների ու ենթակառուցվածքների կարևորությունը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանում ստեղծվում են ֆուտբոլի ինստիտուցիոնալ զարգացման հիմքերը, իսկ ոլորտում կատարվող ներդրումները նպաստում են ֆուտբոլի՝ որպես տնտեսության ճյուղի կայացմանը։ «Ֆուտբոլը Հայաստանում սկսում է դառնալ տնտեսության ճյուղ, որովհետև մարդիկ կոնկրետ ներդրումներ են անում այս տրամաբանության մեջ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «Նոայի» ակադեմիան և Երևանում բացված «Յուվենտուսի» ակադեմիան Հայաստանում ֆուտբոլի զարգացման առաջամարտիկ ծրագրեր են, որոնցով նոր գործընթաց է սկսվել։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այս ներդրումներին կհետևեն նոր նախաձեռնություններ։ Փաշինյանը հորդորել է պետական մարմիններին աջակցել «Նոայի» և «Յուվենտուսի» ծրագրերին՝ ուսումնասիրելով դրանց կարիքներն ու դիտարկելով համագործակցության հնարավոր մեխանիզմները։ Նա ընդգծել է նաև, որ աջակցության ծրագրերը կարող են ունենալ սոցիալական նշանակություն՝ երեխաների և երիտասարդների համար ավելի մատչելի պայմաններ ստեղծելու առումով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր «Նոայի» մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը։ Այցի ընթացքում վարչապետը ծանոթացել էր ակումբի մարզաբազայում ստեղծված պայմաններին, ենթակառուցվածքներին և զարգացման ծրագրերին։ Կենտրոնը նախատեսված է մինչև 1500 երեխայի և պատանու համար։