Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո
Ֆրանսիայում դպրոցականների չդադարող ցույցերի հետևանքով ուսումնական հաստատություններին հասցված վնասը կազմում է մոտ 30 մլն եվրո։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին խորհրդարանում հայտարարել է երկրի կրթության նախարար Էդուար Ժեֆրեյը։
Նրա խոսքով՝ 24 ավագ դպրոց հրդեհների կամ վանդալիզմի հետևանքով այնքան է վնասվել, որ դրանք ստիպված կլինեն շաբաթներ շարունակ փակ մնալ։ Նախարարը հայտնել է, որ դրա հետևանքով մոտ 30 հազար աշակերտ մինչև դպրոցների վերաբացումը զրկված կլինի առկա ուսուցումից։ Նախարարի գնահատմամբ՝ վնասների վերականգնումը կարժենա 20-30 միլիոն եվրո։
Ֆրանսիայում ավելի քան 500 դպրոց փակ է։ Ավագ դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին և այլ աշխատողների ներկայացնող արհմիությունները հոկտեմբերի 8-ին նոր երթեր են նախատեսել։
Ցուցարարները հայտարարել են, որ բողոքի պատճառներից մեկը կրթության պայմանների վատթարացումն է, որը, նրանց խոսքով, վերջին տասնամյակում հանգեցրել է ֆրանսիացի դեռահասների ընթերցանության և մաթեմատիկայի արդյունքների զգալի անկման։
Վարչապետ Լըկորնյուն Ֆրանսիայի աշակերտների պահանջները «օրինական» է անվանել, սակայն միաժամանակ ներկայիս անկարգությունները բնութագրել է որպես վերջին տասնամյակների ընթացքում ամենաբռնի դպրոցական ցույցերը։
Հոկտեմբերի 7-ին ժողովրդին ուղղված ելույթում վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է, որ կառավարությունը կքննարկի աշակերտների ներկայացրած պահանջները և հոկտեմբերի վերջին կներկայացնի առաջարկներ։ Դրանք կվերաբերեն դպրոցական շենքերի վերանորոգմանը և ուսուցիչների թվի ավելացմանը։
«Նախկինում չափազանց շատ խոստումներ չեն կատարվել պարզապես այն պատճառով, որ դրանք իրագործելի չէին։ Այն, ինչ ես ցանկանում եմ, կոնկրետ, արագ և ամբողջությամբ ֆինանսավորված լուծումներ են»,- ասել է Լըկորնյուն։
Նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիաների մեծ մասը խաղաղ է անցել, սակայն ոստիկանությունը Փարիզի կենտրոնում գտնվող Sciences Po համալսարանի մոտ արցունքաբեր գազ է կիրառել և հետ է մղել ցուցարարներին, որոնք աղբամաններով փակել էին փողոցը։ Իրավապաշտպան կազմակերպությունները, արհմիությունները, ուսանողները և ընդդիմադիր որոշ քաղաքական գործիչներ ոստիկանությանը մեղադրել են բողոքի ալիքը ճնշելու նպատակով անհամաչափ ուժ կիրառելու մեջ։
Ներքին գործերի նախարար Լորան Նյունեսը հայտնել է, որ կարգադրել է դադարեցնել լուսաձայնային նռնակների կիրառումը դպրոցականների բողոքի շարժման շրջանակում՝ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ոստիկանության հետ բախման ընթացքում 15-ամյա տղան նռնակի կիրառման հետևանքով կորցրել է ձեռքը։ «Ես դադարեցնում եմ դրանց կիրառումը ավագ դպրոցի աշակերտների շարժման շրջանակում, քանի դեռ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել այս դեպքում»,- ասել է Նյունեսը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 18 միջադեպ է փոխանցվել ոստիկանության տեսչական մարմնին՝ հետաքննության համար։