ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը մասնակցել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնում կազմակերպված՝ «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հայտարարած իրազեկման նախաձեռնության շրջանակում՝ Ոչ բռնության միջազգային օրվա կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են կենտրոնի շահառուներ և ոլորտային մասնագետներ։
Հանդիպման ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ՄԻՊ ներկայացուցիչ Անի Հովեյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գավառի բաժնի ավագ համայնքային ոստիկան Ռուբեն Մուրադյանը և «Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական մանկավարժ Լիլիթ Շահբազյանը։
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել ընտանեկան և կենցաղային բռնության տեսակներին, բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության իրավական երաշխիքներին, ինչպես նաև իրավասու մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի և Ոստիկանության լիազորություններին։
Ներկայացվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, դրանց կիրառման հիմքերն ու իրավունքների պաշտպանության հասանելի մեխանիզմները։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև դրական ծնողավարման կարևորությանը, երեխաների նկատմամբ բռնության, այդ թվում՝ բուլինգի և կիբերբուլինգի կանխարգելմանն ու նման դեպքերին արդյունավետ արձագանքման անհրաժեշտությանը։
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և ստանալու համապատասխան պարզաբանումներ։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բռնության բոլոր ձևերի կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումը և բռնության նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորումը՝ որպես մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր նախապայման։