Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրություններում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«(Բանակցությունները) նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում», – ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ բանակցությունները նախատեսվում է անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, սակայն հավելել է, որ ոչինչ չի կարելի բացառել նախապես, այդ թվում՝ եվրոպացիների մասնակցությունը։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները կկենտրոնանան խաղաղության հաստատումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման վրա։ Օրակարգում կարող է լինել նաև եվրոպական անվտանգության ճարտարապետությունը։
«Իսկապես, նախագահը ուրվագծեց բանակցությունների թեման. սրանք երկու երկրների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցեր են՝ խաղաղ կարգավորման հասնելուց հետո», – նշել է նա։
«Դժվար է ասել, թե ինչպես և ինչ ձևաչափով կանցկացվեն հետագա քննարկումները։ Ակնհայտ է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության քննարկումն առանց այլ մասնակիցների անհնար կլինի, սակայն այս քննարկման սկիզբը կլինի եռակողմ ձևաչափով (խմբ.՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ուկրաինա)», – պարզաբանել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոյեմբերին Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները կարող են դառնալ քառակողմ։