ՀՀ-ն օգնության ձեռք է մեկնել Վրաստանին
BlogՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցածն իսկական ողբերգություն էր: Երբ տեսնում ես կադրեր Թբիլիսիից, այնպիսի տպավորություն է, որ դրանք Հոլիվուդյան ինչ որ ֆիլմից դրվագներ են... մի պահ չես հավատում, որ այդ վիճակում է հայտնվել երբեմնի գեղեցիկ քաղաքը: Չմոռանանք նաև, որ Թբիլիսիում ապրում են մեծ թվով հայեր և այսօր նրանց բնակավայրերն ու բիզնեսները վերածվել են ավերակների:
Այնուամենայնիվ, Վրաստանն այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է: Բազմաթիվ պետություններ պատրաստակամություն են հայտնել իրենց ուժերի սահմաններում օգնել վրաց ժողովրդին:
Վրաստանին օգնության ձեռք մեկնած առաջին երկրներից մեկը Հայաստանն էր: Երկու երկրների վարչապետները հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Հովիկ Աբրահամյանը ցավակցություն էր հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և առաջարկել հայկական կողմի աջակցությունը:
Վրացական կողմը շնորհակալություն հայտնելով նշել էր, որ այս պահին դեռևս օժանդակության կարիք չի զգացվում:
Հայաստանի կողմից կատարված նման քայլը բարոյական տեսանկյունից չափազանց կարևոր էր, քանի որ Վրաստանն առաջին պետություններից էր, որ 88-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ արձագանքեց և օժանդակություն ցույց տվեց Հայաստանին...: