Շանթ Հարությունյանի հացադուլի պատճառ դարձած դիմումը բավարարվել է
ՔաղաքականությունTert.am-ը գրում է.
Մեկ շաբաթից ավել հացադուլ իրականացնող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի դիմումը՝ ուղղված տեղաբաշխման հանձնաժողովին, բավարարվել է: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը՝ ավելացնելով, որ Շանթ Հարությունյանը պատժի հետագա չափը կկրի կիսափակ խցում:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը հուլիսի 8-ին դիմում էր ներկայացրել տեղաբաշխման հանձնաժողով, որպեսզի իրեն տեղափոխեն առանձին խուց: Նույն օրը նա հացադուլ էր հայտարարել:
Ինչ վերաբերում է հացադուլի դադարեցմանը, ապա Գոռ Ղլեչյանը նշեց, որ դրա մասին դիմում դեռևս չեն ստացել:
Հիշեցնենք, որ 2013թ-ի նոյեմբերի 5-ին Շանթը իր ընկերների հետ բողոքի երթ էր անցկացրել՝ բենզինով լի շշերով, որն ավարտվել էր ոստիկանության հետ բախմամբ: Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: