«Իրան-Հայաստան» երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու նախագիծը ոչ մի արդյունավետություն չունի
Ուշադրության կենտրոնումՍտեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
«Իրան-Հայաստան երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու նախագիծը ոչ մի արդյունավետություն չունի, հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը` պատասխանելով այդ երկաթուղային մայրուղու կառուցման նպատակահարմարությանն առնչվող ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: ՌԵՈՒ ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այդ նախագիծը հեռանկար չունի` «ինչպես պատի վրա բացել ոչ մի տեղ չնայող, հարևան տան պատին նայող պատուհան»»:
Իմ կարծիքով ոչ թե այնքան կարևոր է, թե ինչ է ասել ոմն Յակունինը, այլ այն, թե երբ է դա ասել: Իսկ դա նա ասել է Պուտին-Ալիև-Էրդողան հանդիպումների նախօրյակին: Դա, ըստ երևույթին, ռուսական կողմի մեսիջ է եղել ուղղված հիշյալ անձանց այլ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու կոնտեքստում: Ըստ երևույթին Իրան-Հայաստան-Վրաստան հնարավոր կոմունիկացիաների սառեցումը Ռուսաստանի հնարավոր զիջման խոստումն էր Թուրքիային և Ադրբեջանին: Այն, թե այնուամենայնիվ որևէ պայմանավորվածության նրանք եկել են, թե ոչ, կարելի կլինի կռահել Յակունինի հաջորդ հայտարարությունից:
Երբ խոսք է գնում ինքնիշխանության կորստի մասին, հենց նման հարցերի շուրջ որոշումներ կայացման իրավանքի մասին է խոսքը գնում: Հնարավոր է, որ այդ երկաթգիծն մի օր անգամ կառուցվի, սակայն կառուցման կամ չկառուցման որոշումը Հայաստանը չի ընդունելու: