Քաղաքացիական գիտակցության համար անհրաժեշտ է մտքի ռացիոնալությա որոշակի մակարդակ
BlogԼևոն Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքացիական գիտակցության համար անհրաժեշտ է մտքի ռացիոնալության, բանականացվածության որոշակի մակարդակ:
Ընդ որում որոշակի միջին մակարդակ: Ռացիոնալության և ցածր մակարդակի, և չափից շատ բարձր մակարդակի դեպքում քաղաքացիական գիտակցությունը, այն է պետության մասնիկ կազմող ինքն իր տիրոջ միավորի գիտակցումը անհնար է: Այս տեսանկյունից մեր հասարակությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած, որովհետև այն մասնատված է ռացիոնալության երկու ծայրահեղ դրսևորումների միջև:
Մի դեպքում մտածողությունը խիստ չռացիոնալացված է, որտեղ մարդն առաջնորդվում է տոհմական, ընտանիքապաշտական բարոյականությամբ ու դրանից բխող վարքով, մյուս դեպքում էլ խիստ ռացիոնալացված է, որտեղ առաջնորդվում է անհատապաշտական, եսասիրական, ընդհուպ մինչև մորթապաշտական բարոյականությամբ և վարքով:
Առաջին դեպքում մարդը քաղաքացիական ակտիվություն չի դրսևորում, որովհետև դա կարող է վնասել իր ընտանիքին, կամ էլ ընդհանրապես չի գիտակցում դրա անհրաժեշտությունը, երկրորդ դեպքում էլ նա ցինիկ է, չի հավատում ոչ մի կոլեկտիվի ու կոլեկտիվ նպատակների գոյությանը, իսկ կյանքին էլ վերաբերվում է որպես սպառման համար նախատեսված ժամանակի:
Առաջին դեպքում ռացիոնալացվածության թերիության պատճառով չի հասկանում քաղաքացիականությունը, երկրորդ դեպքում էլ չափից շատ հասկանալու պատճառով կամ գուցե շնորհիվ չի հավատում դրան:
Բայց երկու դեպքում էլ տուժում է քաղաքացիականության և պետականության ինստիտուտը: