Հայկական վարքագծի ճակատագրական սխալը (երևի, ոչ միակը)
BlogՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հե՜յ, մեծահասակ ու երիտասարդ, ալեհեր և ոչ այնքան, նորաթուխ և փորձառու ծնողներ, դուք ո՞ւմ եք պատմում հայրենասիրության, քաղաքացիական գիտակցության ու վարքի, օրենքի գերակայության, կրթության, մարդկային որակների առաջայնության և կարևոր այլ բաների մասին: Ո՞ւմ հետ եք կիսում այդ գաղափարները: Հիմնականում՝ ձեր հասակակիցների: Եվ այդտեղ էլ սխալվում եք:
Այդ ամենի մասին և ոչ միայն դրա մասին պետք է խոսել երեխաների հետ: Առանց վախենալու, որ նրանք ձեզ չեն հասկանա: Այնպես չի, որ մեծահասակներն ամեն ինչ հասկանում են կամ ամեն ինչ ճիշտ են ընկալում: Երեխաներն, ի տարբերություն մեծերի, իմանալուց բացի, կարող են նաև գործել ըստ իմացածի, ոչ թե մեզանից շատերի նման՝ ամեն ինչ ճիշտ գիտենք, բայց, չգիտես ինչու, անելիս լրիվ թարս ենք անում:
Իսկական հեղափոխությունը տեղի է ունենում մարդկանց գլուխներում՝ մտածողությունն է հեղափոխվում, և իսկական հեղափոխության համար ամենահարմար գլուխները մեր անկախության սերնդի երեխաների պրպտող, հետաքրքրասեր, հայրենասեր գլուխներն են:
Այնպես որ, կարևոր բաների մասին երեխաների հետ խոսելը պարտադիր է, մեծերի հետ ցանկալի, բայց ոչ անհրաժեշտ: