Նիկոլ Փաշինյանի ելույթը. Հայաստանի քաղաքական բառապաշարից պետք է բացառել «փոխզիջում» բառը
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում։
«Իսկապես քաղաքական թեժ ամառ ունեցանք այս տարի: Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը ավարտվեց ընդդիմության բնույթի և էության մասին բուռն քննարկումներով, իսկ «Սասնա ծռեր» խումբը իր հուսահատ և վիճելի քայլով ազդարարեց Հայաստանում հաստատված վստահության ճգնաժամի ծայրահեղ բնույթը:
Մենք շարունակում ենք վերապրել Խորենացի փողոցի ամառային օրերը, բայց հիմա աշուն է, և ունենք այն, ինչ ունենք. Սերժ Սարգսյանը ոչ միայն շարունակում է մնալ Բաղրամյան 26-ում, այլև նրա եղբայր Լևոնը Գյումրիի ավագանու որոշմամբ հռչակվել է հանրապետության երկրորդ քաղաքի պատվավոր քաղաքացի:
Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ Սարգսյան եղբայրներից առնվազն Սերժն ու Սաշիկը Հայաստանի տարածքում ոչ թե ստանային, այլ զրկվեին քաղաքացիությունից, մի պարզ հիմնավորմամբ. հենց նրանց գործունեության արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ դե ֆակտո, կամ դե յուրե դադարել են անկախ Հայաստանի քաղաքացի լինել: Միլիոնավոր հայեր սկսել են մտածել, կասկածել, թե ի՞նչ է ի վերջո Հայաստանի Հանրապետությունը իրենց համար. հայրենի՞ք, թե պատիժ ու պատուհաս:
Այս իմաստով պատեհ եմ համարում անդրադառնալ հանրության շրջանում և սոցիալական ցանցերում ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող մի հարցի, թե Հայաստանի ղեկին կանգնած անձանցից ո՞վ է ամենամեծ պատասխանատուն Հայաստանի այսօրվա հուսահատ վիճակի, միլիոնների հասնող արտագաղթի համար:
Մեր պատասխանը միանշանակ է. Հայաստանի այսօրվա վիճակի թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որովհետև վերջին 23 տարում նա մշտապես եղել է Հայաստանում որոշումներ կայացնող իշխանական «էլիտար պոլիտբյուրոյի» անդամ: Այդ պոլիտբյուրոն սկզբում բաղկացած էր հինգ հոգուց, հետո դարձավ եռյակ, հետո զույգ, դրա կազմը անընդհատ փոփոխվել է, բայց Սերժ Սարգսյանը Հայաստանի ճակատագիրը որոշած իշխանական թոփ վերնախավի միակ անփոփոխ անդամն է՝ սկսած 1993 թվականից, երբ նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարար: Դրանից հետո Սերժ Սարգսյանի զբաղեցրած ամենացածր պաշտոնը եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարը, որը միայն ժամանակավոր կարգավիճակ էր ու տևել է ընդամենը 7 ամիս: Սարգսյանը Երրորդ հանրապետության պատմության միակ գործող անձն է, ով թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին վայելել է վերջիններիս անվերապահ վստահությունը, ունեցել է իրական և աճող իշխանություն և ի վերջո՝ դարձել է եթե ոչ ավելի, ապա նույնքան ազդեցիկ որքան պետության առաջին դեմքերը: Իսկ 2008 թվականից իշխանության միակ իրական կրողն է:
Եւ ուրեմն, Սերժ Սարգսյանը ուղիղ առնչություն ունի Հայաստանը բնականոն զարգացման հունից դուրս նետած առանց բացառության բոլոր ցնցումների հետ: 1996 և 1998 թվականների նախագահական կեղծված ընտրությունների և դրանց կապակցությամբ ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդումների ենթարկելու ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը ղեկավարում էր ազգային անվտանգության պետական վարչությունը, ապա Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար էր:
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության նախարար էր, երկրի ղեկավարության անվտանգության թիվ 1 պատասխանատու: 1995-ից 1999 թվականներին, երբ նա ղեկավարում էր Ազգային անվտանգության համակարգը, Հայաստանը միայն նախագահի՛ սպանությունից է զերծ մնացել, գուցե նաև այն պատճառով, որ այդ ընթացքի մեծ մասում նախագահ չի էլ ունեցել Հայաստանը: Այդ ժամանակահատվածում սպանվել են՝ ԱԺ նախագահ, վարչապետ, ԱԺ փոխնախագահներ, գլխավոր դատախազ, նախարար, Ներքին զորքերի հրամանատար, փոխնախարար, ԱԺ պատգամավոր: Եթե սրան գումարենք 1998թ. Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը «ձեզ հայտնի ուժերի պահանջով»՝ պատկերը կդառնա ավելի ամբողջական:
Սերժ Սարգսյանի դերակատարումը առավել վճռական է եղել 2003, 2008, 2013 թվականնների նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընդդիմադիր գործիչներին քաղաքական հետապնդումների ենթարկելու, 2008 թվականի մարտիմեկյան սպանդը կազմակերպելու գործում: 2003-ին նա Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետն էր, Պաշտպանության նախարար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2008 թվականին վարչապետ և նախագահի իշխանական թեկնածու, ով ԿԸՀ կողմից հռչակվել էր ընտրված նախագահ, 2013-ին արդեն երկրի դե ֆակտո առաջին դեմք, ով մինչև օրս շարունակում է բանտերում պահել բազմաթիվ քաղաքական գործիչների:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ԼՂՀ-ն պաշտանական տվյալներով 800 հեկտար տարածք կորցրեց Սերժ Սարգսյանը արդեն 8 տարի Հայաստանի Զինված ուժերի դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն է, դրանից առաջ 7 տարի, 2000-ից 2007 թվականներին, եղել էր պաշտպանության նախարար: Վերջերս, ի դեպ, հաճախ է քննարկվում հարցը, թե Սերժ Սարգսյանը հող հանձնո՞ղ է, թե ոչ: Կներեք, բայց հող հանձնելը պոզով պոչո՞վ է լինում: Եթե երկար տարիներ առաջնագծի կենսական պահանջները ոչ միայն չեն լուծվում, այլև բացահայտորեն արհամարհվում են, դա հանուն ինչի՞ է արվում, եթե ոչ հող հանձնելու:
Ամփոփելով Սերժ Սարգսյանի գործունեության հետ ուղղակի առնչություն ունեցող ցնցումների շարքը, ընդգծենք. երբ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարիթաղում տեղի ունեցավ ցուցարարների և լրագրողների ուղղորդված ջարդ, Սերժ Սարգսյանը Հայաստանի դե ֆակտո ղեկավարն էր: Երկար տարիներ նրա վարչախմբի թույլ տված ապօրինությունները, կոռուպցիան, քաղաքական հետապնդումներն էին, որ հանգեցրին Ոստիկանության Պարեկապահակային գնդի շուրջ ողբերգական իրադարձությունների ծավալմանը և անձամբ Սերժ Սարգսյանն է տեղի ունեցածի թիվ 1 պատասխանատուն:
Սարգսյանի հետ կապված հակապետական երևույթների թվարկումը կարելի է դեռ երկար շարունակել: և սա չեմ անում պատմական ակնարկի համար: Սա անում եմ ցույց տալու, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը և նրա քաղաքական մետաստազները հեռացված չեն իշխանությունից, Հայաստանի Հանրապետության պատմությունը հարստանալու է նոր ցնցումներով, նոր կորուստներով, նոր անկումներով:
Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական մետասատազների հեռացումը կառավարման ղեկից՝ կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և բխում է մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերից: Սարգսյանի հետ գործակցության, կուլիսային բանակցության, քաղաքական և քաղաքագիտական խաղերի ցանկացած դրսևորում, անկախ նրանից, թե ի՞նչ քողի տակ է արվում՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորմա՞ն, թե հայրենիքի գլխին կախված վտանգի՝ անընդունելի և դատապարտելի է մեզ համար:
Այս է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժել է սահմանադրական փոփոխությունները քննարկելու Սերժ Սարգսյանի հրավերը: Այս է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավորինս հեռու է մնացել 4+4+4 ձևաչափի մարիոնետային բանակցություններից, որովհետև բանակցողներն իրականում նրանք չէին, որ նստում էին տեսախցիկների առաջ, և բանակցությունների ամենակարևոր նյութն էլ ամենևին Ընտրական օրենսգիրքը չէր: Այս է պատճառը, որ մենք խստորեն քննադատել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հուլիսի 22-ի խայտառակ հայտարարությունը: Այս է պատճառը, որ խստորեն քննադատել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, ինչպես իրենք են ասում, թեկուզ պայմանականորեն, թեկուզ ժամանակավորապես հրաժարվելու «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» խմբի քաղաքական ղեկավարության գործելակերպը:
Ոմանք համարում են, թե մենք դա արել ենք ամենաանհարմար պահերին, բայց մենք չենք գործել և չենք գործելու սոցիալական ցանցերին կամ որևէ մեկի հաճոյանալու տրամաբանությամբ: Մենք գործելու ենք հանրության հետ անկեղծ և ազնիվ լինելու, մեր քաղաքական սկզբունքներն ու ինքնությունը արձանագրելու և այդ ամենը ժամանակին ու տեղում անելու տրամաբանությամբ:
Առաջին անգամը չէ, որ Ազատության հրապարակի այս հարթակից խոսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու կենսական անհրաժեշտության մասին: Բայց մենք պետք է նոր խոսակցություն ունենանք, նոր բովանդակություն ստեղծենք՝ իշխանափոխության ծագումնաբանության, մեթոդների և սկզբունքների վերաբերյալ:
Մեր կարծիքը միանշանակ է. քաղաքական որևէ ուժ, որևէ քաղաքական առաջնորդ չի կարող որոշում կայացնել Սերժ Սարգսյանին կամ որևէ մեկին իշխանությունից հեռացնելու մասին: Քաղաքական ուժը կարող է ձևակերպել, հիմնավորել տվյալ որոշման, փոփոխության անհրաժեշտությունը, բայց բուն որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, իր սահմանադրական բարձրագույն ուժով:
Քաղաքական ուժը, տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ժողովրդի կողմից որոշումը կայացվելու դեպքում, պետք է լինի այն ի կատար ածելու կազմակերպիչը, երաշխավորը: և նրա գործողությունները պետք է հիմնված լինեն ժողովրդի կամարտահայտման լեգիտիմ հենքի վրա:
Այս իմաստով ոմանք թյուրիմացության մեջ են, մտածելով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության փոփոխության միակ մեթոդ ու եղանակ համարում է ընտրությունները: Մեր կուսակցության ծրագրում հստակ ամրագրված է նաև Թավշյա հեղափոխությունը, որպես երկրում իշխանափոխություն իրագործելու ընդունելի մեխանիզմ: Բայց որևէ իշխանափոխություն մենք անհնար և անընդունելի ենք համարում առանց ժողովրդի հստակ, տեսանելի և ապացուցելի կամարտահայտման:
Հետևաբար, մեր քաղաքական գործունեության գաղափարական հիմքը ոչ թե ընտրություններն են կամ թավշյա հեղափոխությունը, այլ ժողովրդի կամարտահայտությունը: Ընտրությունները մեզ հետաքրքրում են միայն ու միայն որպես ժողովրդի կամքի արտահայտման հնարավորություն, որովհետև միայն ժողովրդի տեսանելի, ստուգելի և չափելի կամքն է, որ պետք է որոշի, թե ինչ պետք է անենք մենք՝ գնանք Բաղրամյան 26-ը Սերժ Սարգսյանից ազատելու՞, թե պետք է գնանք տներով, սպասելով ժողովրդի կամարտահայտման հաջորդ պատեհ առիթին՝ աշխատելով ամեն ինչ անել, որ այդ հերթական կամարտահայտումը լինի մեր քաղաքական պատկերացումներին համապատասխան:
Ահա այս արձանագրումն ակնհայտ է դարձնում, թե որը պետք է լինի իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն համարող քաղաքական ուժի՝ տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անելիքը: Մեր խնդիրն է, ըստ այդմ, ձևավորել ժողովրդի կամարտահայտման համար անհրաժեշտ բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները, այնպիսի մի համակարգ, որը հնարավորություն կտա ոչ միայն ենթադրաբար, այլև տեսանելի և ապացուցելի կերպով արձանագրել ժողովրդի կամքն ու ցանկությունը, և այդ կամքը վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի՝ այն չափերով և ծավալով, որ համապատասխանում է ժողովրդի կամքին ու որոշմանը: Ուշադրություն դարձրեք՝ այն չափերով և ծավալով, որ համապատասխանում է ժողովրդի կամքին ու որոշմանը:
Այս մեխանիզմի կարևորագույն բաղադրիչներից մեկը, ուրեմն, 6000 վստահված անձ նախագիծն է: Գաղափարը հետևյալ է. Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրական տեղամասի հաշվարկով ունենալ առնվազն երեքական վստահված անձանց թիմեր, մի համակարգ, որ չի ունեցել Երրորդ հանրապետության և ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ: Թյուրիմացության մեջ են բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են թե 6 հազար վստահված անձ նախագիծը միայն ընտրական իշխանափոխության համար նախատեսված մեխանիզմ է:
Այո, ընտրությունների ժամանակ այս մարդիկ դառնալու են փաստահավաք այն թիմը, որի գործունեության արդյունքում է պարզվելու, թե ի վերջո ի՞նչ որոշեց ժողովուրդը, որովհետև ինչպես ասացի, մենք կարող ենք ու պիտի գործենք բացառապես ժողովրդի կայացրած որոշման, այսինքն՝ տրված մանդատի շրջանակներում: Եթե ժողովուրդը կայացրել է իշխանափոխություն անելու որոշում, կամ ժողովրդի հավաքական կամքի արտահայտման վրա բռնացել են ու մենք դա կարող ենք ապացուցել, ուրեմն մեր խնդիրը կլինի անցնել թավշյա հեղափոխության ռեժիմին, որի կարևորագույն կոմպոնենտը ժողովրդի կամքի ցուցարդրումն է փողոցներում և հրապարակներում, ապա և՝ ժողովրդական զանգվածների կենտրոնացումը Երևան քաղաքում՝ 24 ժամվա ընթացքում իշխանափոխությունը կյանքի կոչելու համար:
Ահա, այս ժամանակ է, որ 6000 վստահված անձինք լինելու են քաղաքական պրոցեսի առավել վճռական գործոն, դառնալով մոբիլիզացիայի, ժողովրդի կամարտահայտման հավաքները կազմակերպողների համահայաստանյան մեխանիզմ: Սա կարևոր է, որովհետև ժողովուրդը միայն Երևան քաղաքը և Երևան քաղաքի կենտրոնը չէ: Ժողովուրդը այն մարդիկ են, որոնք ապրում են ողջ հանրապետության տարածքում, և նրանց կամքը, այդ կամքի արտահայտումն է վճռական գործոնը՝ իշխանափոխություն իրականացնելու համար: 6000 վստահված անձինք այն մարդիկ են, ովքեր դառնալու են ժողովրդական կամքի ցուցադրման վճռական գործոնը անկախ նրանից ներքաղաքական պրոցեսները ի՞նչ սցենարով կզարգանան՝ ընտրակա՞ն, թե թավշյա հեղափոխական:
Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ իշխանափոխություն է պետք անել, ի՞նչ վստահված անձ, հաստատաբար չեն հասկանում՝ ինչ ասել է իշխանություն, ի՞նչ ասել է իշխանափոխություն և ինչ ասել է քաղաքականություն: և ուրեմն, զարմանալի չէ, որ նրանց գործունեության արդյունքը միայն հուսալքությունն է, հիասթափությունը, պարտությունը: Իսկ մենք ասել ենք՝ ժողովրդին չենք առաջնորդելու դեպի պարտություն:
Ժողովրդի կամարտահայտման հաջորդ ինստիտուցիոնալ մեխանիզմը այն է, ինչ վերջին ամիսներին թեժ կրքեր է բորբոքել Հայաստանի քաղաքական կյանքում, Ազգային ժողովում և դրա պատերից դուրս: Մենք ասել ենք և ասում ենք՝ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն: Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու՞ ենք այդքան կարևորում 1 ընդդիմության գաղափարը և այս համատեքստում քննադատում իրենց ընդդիմություն հռչակած շատերին:
Այդպես ենք վարվում, որովհետև համոզված ենք՝ Հայաստանում իշխանության հարցը չի լուծվելու, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը: Ընդդիմությունը իշխանափոխություն իրականացնելու գործիքն է, և եթե այդ գործիքը խափանված է, իշխանափոխության մասին խոսակցությունները հավերժ մնալու են խոսակցություն: Եթե ընդդիմությունը մեկը չէ, ուրեմն՝ իշխանափոխության հույսերը սին են, որովհետև իշխանությունը մեկն է և կոնկրետ, նրա դեմ կռիվ կարող է տալ այն ընդդիմությունը, որ նույնքան կոնկրետ է, նույնքան ինստիտուցիոնալ և նույնքան մոբիլ:
Հայաստանի քաղաքացին ունի 1 ձայն, և նա պետք է հստակ իմանա, թե ում պետք է տա այդ ձայնը, որպեսզի դա նշանակի, որ ինքը քվեարկում է հօգուտ իշխանափոխության: Մեկ ընդդիմությունը հանուն իշխանափոխության տրվող ձայները չփոշիացնելու միակ մեխանիզմն է:
Բայց սա կարևոր է ոչ միայն ընտրական տեղամասի այլև թավշա հեղափոխության, այսինքն՝ հանրահավաքային պրոցեսի դեպքում: Քաղաքացին պետք է իմանա, թե ո՞վ, քաղաքական ո՞ր սուբյեկտն է իշխանափոխության պատասխանատուն, պրոցեսի ընթացքի վերաբերյալ ովքե՞ր են որոշում կայացնում և ինչպե՞ս: Մեկ ընդդիմության ձևավորման անհրաժեշտությունը Հայաստանի քաղաքական կյանքում ներկա է եղել միշտ, պարզապես այն ձևակերպվել է որպես ընդդիմության միավորման՝ հայաստանյան պայմաններում հակաքաղաքագիտական խնդիր:
Ինչու՞ է այս խնդիրը հակաքաղաքագիտական. մի պարզ պատճառով. ինչքան էլ դու համախմբես ընդդիմադիր դաշտը, իշխանությունը կբուծի նոր ընդդիմադիրներ և ընդդիմության համախմբման խնդիրը գործնականում կլինի անլուծելի: Կամ համախմբումների մեջ անպայմանորեն կսողոսկեն ուժեր, որոնց միակ խնդիրն ու նպատակը պրոցեսը ձախողելը կլինի:
Հետևաբար, ժողովուրդը պետք է ոչ թե ընդդիմադիրներին համախմբելու խնդիր դնի, այլ որոշի, թե ո՞վ է այն մեկ ընդդիմությունը, որի հետ ինքը կապում է իշխանափոխության հույսեր, և պատրաստ է նրան իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալ: Ուզում եմ մեկընդմիշտ պարզաբանել. «Քաղաքացիական պայմանագիրը», այո, հավակնում է մեկ ընդդիմության կարգավիճակին: Բայց ժողովուրդը, միայն ժողովուրդը պետք է որոշի, թե ու՞մ է համարում մեկ ընդդիմություն:
և ու՞մ էլ համարի այդպիսին, հենց նրանից, միայն ու միայն նրանից պետք է ակնկալի փոփոխությունների իրագործումը: Հին և բոլորին հայտնի ընդդիմադիր աջաբսանդալների մեխանիզմը մեզ համար անընդունելի է, և ուզում եմ հստակ ասել. մենք չենք լինելու այն քաղաքական հարթակներում, որոնք ժողովրդին տանում են ակնհայտ պարտության և հուսահատության, մենք չենք կանգնելու այն ուժերի կողքին, որոնց սկզբունքներն անընդունելի են, որոնց նպատակները մութ են, որոնք գաղտնիքներ ունեն ժողովրդից և հնարավոր են համարում Սերժ Սարգսյանի հետ թաքուն բանակցություններ վարելը, որոնց բովանդակությունը գաղտնի է ժողովրդի համար:
Բոլոր նրանք, ովքեր մեզ կոչ են անում մի կողմ դնել սկզբունքները, համոզմունքները, ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները՝ նմանվում են բռնամուսնություններ, օժիտով ամուսնություններ, խաբեությամբ ամուսնություններ քարոզողներին: Մեզ քաղաքական «Խաթաբալայի» մեջ ներքաշելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:
Բայց մյուս կողմից, եթե դաշտում կան քաղաքական ուժեր, խմբեր որոնց հետ մենք ունենք ռազմավարական և մարտավարական հեռանկարի, սկզբունքների, համոզմունքների և տեսլականի ընդհանրություններ, մենք նրանց հետ պիտի քննարկենք ոչ թե իրենց դարն ապրած նախընտրական և հետևաբար ժամանակավոր դաշինքներ կազմելու, այլ մեկ ընդհանուր քաղաքական ուժ դառնալու, մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը: Համագործակցության այլ ֆորմատ մեզ համար առնվազն դժվար պատկերացնելի է:
Մեզ համար դժվար պատկերացնելի է նաև քաղաքական գործակցությունը այնպիսի սուբյեկտների հետ, որոնք ուղիղ կապ ունեն Սերժ Սարգսյանի ապօրինի վարչակազմի ծագումնաբանության հետ: Ընդհանրապես անհասկանալի է, որ այնպիսի սուբյեկտներ, ինչպես ՕԵԿ-ն ու Արթուր Բաղդասարյանը, Հովիկ Աբրահամյանի հավատարիմ հենարան ԲՀԿ-ն, Վարդան Օսկանյանը, որոնք Սերժ Սարգսյանին իշխանության բերած գլխավոր գործող անձանցից են, այսօր Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության հայտ կարող են ներկայացնել: Մեր դիրքորոշումը այս սուբյեկտների վերաբերյալ միանշանակ է. նրանք Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չպետք է ունենան:
Մենք նրանց համարում ենք նույնպիսի չարիք, ինչպիսին Սերժ Սարգսյանին, և ոչ միայն Հովիկ Աբրահամյանին ու Սամվել Ալեքսանյանին ենք համարում Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության մետաստազ, այլև մուրաբայի և տուկի թելի դիմաց կամ անողնաշարության բերումով Հայաստանի պետականությունը Հյուսիսում և Արևմուտքում վաճառքի հանած՝ թոշակառու, արձակուրդ վերցրած, գործող և նորակոչիկ հաճախորդներին:
Հարկ եմ համարում առանձնահատուկ ընդգծել. մենք պակաս վտանգավոր չենք համարում քաղաքական դաշտը հեղեղած պրոամերիկյան, պրոռուսական, պրոեվրոպական ուժերին, որոնք հայաստանյան իրականությունը տեսնում են պետդեպարտամենտի, Կրեմլի կամ եվրախորհրդարանի պատուհաններից: Սա վտանգավոր, և սեփական ուժերի նկատմամբ մեր ժողովրդի հավատը խաթարող գործելակերպ է, ու մեր կարծիքով պետք է արմատախիլ արվի Հայաստանից: Մեր երկրում չպետք է լինեն պրոռուսական քաղաքական ուժեր, որովհետև պրոռուսականությունը հակահայկականություն է: Մեր երկրում չպետք է լինեն պրոամերիկան քաղաքական ուժեր, որովհետև պրոամերիկյանությունը հակահայկականություն է, մեր երկրում չպետք է լինեն պրոեվրոպական քաղաքական ուժեր, որովհետև պրոեվրոպականությունը հակահայկականություն է:
Միևնույն ժամանակ, սակայն, մենք ոչ պակաս վտանգավոր ենք համարում հակառուսականությունը, հակաեվրոպականությունը, հակաամերիկյանությունը, որովհետև Հայաստանի և հայ ժողովրդի շահերից է բխում աշխարհքաղաքական այդ բևեռների հետ արժանապատիվ, աշխատանքային, միմյանց շահերի նկատմամբ հարգալից հարաբերությունների հաստատումը և մենք ամեն ինչ անելու ենք այդ բևեռների հետ երկխոսություն ծավալելու համար:
Այն ինչ ասվեց ընդդիմության դաշտի մասին, իրականում ասելիքի մի մասն է միայն: Մենք հասկանում ենք, որ ասվածը շփոթեցնող է, զայրացնող երբեմն նույնիսկ հուսահատեցնող: Բայց մենք պետք է հասկանանք խնդրի լրջությունը, հարցի գինը և կարողանանք խուսափել նոր ձախողումներից: Մենք պետք է փոխենք Հայաստանում հաստատված ավանդական ընդդիմադիր ընկալումները:
Հին ընդդիմադիր աշխարհայացքը քաղաքացուց պահանջում է հավատալ ու վստահել և այսպիսով հեշտ է ընկալման համար, մանավանդ երբ ասելիքը զուգորդվում է համախմբվելու, իրար գլխի հավաքվելու, ազգը փրկելու լալահառաչ կոչերով:
Մեկ ընդդիմությունը քաղաքացուն կոչ է անում ոչ թե հավատալ և վստահել, այլ հասկանալ և գնահատել:
Հին ընդդիմադիր աշխարհայացքը տուկի թել ու մուրաբա է բաժանում ժողովրդին, կամ օլիգարխ է փնտրում ֆինանսավորում ստանալու համար, Մեկ ընդդիմությունը հանրությունից է ակնկալում իր գործունեության ֆինանսավորումը և հանրությունը պետք է գնա այդ քայլին, որպես երկարաժամկետ ռազմավարական ներդրում, որ արդարացվելու է՝ ապագա ունեցող պետության տեսքով:
Հին ընդդիմությունը պարծենում է, թե պահելու է ժողովրդի ձայները և չի անում դա, Մեկ ընդդիմությունը 6000 քաղաքացու օգնություն է ակնկալում ժողովրդի կամարտահայտումն ապահովելու համար:
Հին ընդդիմությունը խոստանում է իշխանափոխություն և չի անում դա, Մեկ ընդդիմությունըքաղաքացուն առաջարկում է կառուցել այդ իշխանափոխությունը, մասնակցել և հետևել դրա կառուցման ընթացքին, տեսնել և գնահատել այդ ընթացքը, ազդել դրա վրա:
Հին ընդդիմությունը պարծենում է, թե հիմա, էսօր, վաղը քշելու է Սերժ Սարգսյանին և չի անում դա, Մեկ ընդդիմությունն ասում է, որ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու կոնկրետ գործողության կդիմի միայն ժողովրդի կամարտահայտման, ժողովրդից մանդատ ստանալու դեպքում:
Հին ընդդիմությունը տեր է և փրկիչ ժողովրդի համար, Մեկ ընդդիմությունը գործընկեր է ու սպասավոր: Դուք արդեն լսեցիք, այստեղ ընթերցվեց որոշումը, որով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ինձ առաջադրել է վարչապետի թեկնածու և լիազորել սկսել ստվերային կառավարության ձևավորումը:
Ստվերային կառավարություն բառից պետք չէ շփոթվել. խոսքն այն մասին է, որ մենք հանրությանը պետք է ներկայացնենք անձանց, որոնք կստանձնեն նախարարական աշխատանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում: Մեխանիզմը հետևյալն է. որպես վարչապետի թեկնածու պետք է բանակցեմ կոնկրետ անձանց հետ, նրանց առաջարկելով ընդգրկվել ստվերային կառավարության կազմում և այդ անձանց մի մասը կարող է և չլինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:
Հիմա հարց կարող է ծագել. ինչու՞ ենք մենք դիմում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող նման փորձի: Պատասխանը նույնն է. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ ժողովրդական կամարտահայտում ապահովելու համար: Ապագա իշխանության մասին առավելագույն կոնկրետ պատկերացում ունենալ-չունենալը վճռական գործոն է գործող իշխանությանը հեռացնելու համար:
Ժողովուրդը պետք է ունենա ներքին վստահություն, որ հնարավորություն ունի իշխանության բերել մարդկանց, ովքեր կկարողանան երկիրը կառավարել անցնցում և առնվազն շատ ավելի հաջող քան այսօրվա իշխանավորները: Նոր իշխանության մասին ամբողջական պատկերացումների բացակայությունը այն վճռական գործոններից է, որ իշխանափոխության՝ թվում է լայնորեն պահանջված գործընթացը ձախողել է մի քանի անգամ:
Ստվերային կառավարության բարեհաջող ձևավորումը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու չորս առանցքային գործոններից մեկն է, և այսօրվանից այս գործընթացը կարող ենք համարել մեկնարկած: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի ձևավորել վստահելի կառավարություն, որը կունենա Հայաստանը ստեղծված վիճակից հանելու իրականանալի և ժողովրդին հասկանալի ճանապարհային քարտեզ, չնայած հասկանում եմ, որ դա հեշտ լուծվող խնդիրներից չէ: Մեր նպատակը այնուամենայնիվ հետևյալն է. ստվերային կառավարության կազմում ընդգրկել կարող ուժերի ոչ միայն Հայաստանից այլև Սփյուռքից: Սա հատուկ նշանակություն ունեցող սկզբունք է, որովհետև ինչպես գիտեք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանցքային անելիքը Մեծ հայրենադարձության հարուցումն է, որի արդյունքում առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը կհասնի 4-5 միլիոնի, իսկ նման բան տեղի կունենա միայն Հայաստանում խորքային տնտեսական, քաղաքական, իրավական փոփոխություններ իրականացնելուց հետո, սա էլ նշանակում է մանրամասն մշակված և քննարկված ծրագրի առկայություն:
Հարկ եմ համարում այսօր արդեն արձանագրել մի քանի կետ, որ սկզբունքային են ապագայի մասին մեր պատկերացումների համար. մենք Հայաստանը տեսնում ենք որպես բարձր տեխնոլոգիական ինդուստրիալ երկիր, որի տնտեսության հենասյուներից մեկը ռազմարդյունաբերական համալիրն է, որը երկրի անվտանգության կարիքների ապահովման ավելի ու ավելի մեծ չափաքանակ է վերցնում իր վրա: Հիմա ակնհայտ է, որ մոտակա ապագայում Հայաստանը պետք է ի վիճակի լինի արտադրել հարվածային և հետախուզական անօդաչու սարքեր և վերգետնյա հրաձգային հեռակառավարվող և ինքնակառավարվող սարքեր, որոնք ամենավտանգավոր հատվածներում կկարողանան կրակային գործառույթներ իրականացնել և խնայել մեր զինվորների կյանքերը. սա մեր երկրի անվտանգության մարտահրավերներից բխող անհրաժեշտություն է:
Մեզ համար հաջորդ կարևորագույն խնդիրը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, որ ինչպես հայտնի է՝ հատել է հինգ միլիարդ դոլարի սահմանագիծը, և 2020 թվականին արտաքին պետական պարտքի սպասարկման համար Հայաստանը պետք է ծախսի 1 միլիադ դոլար: Այսինքն՝ 1 միլիարդ դոլար պետք է ետ վճարի նախկինում վերցրած պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն, ըստ այդմ, համարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի և Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ապացույցներ և փաստեր այն մասին, թե որքանով է այդ պարտքը արդյունավետ օգտագործվել: Ընդ որում՝ այս աուդիտի արդյունքում պարզաբանման ենթակա կարևորագույն հարցերից մեկը հետևյալն է. ինչքանով են մսխվել միջազգային կազմակերպություններից վերցված վարկերը, և որքանո՞վ են վարկատու կազմակերպությունները վարկը տալու կամ դրանք ծախսելու ընթացքում տեղյակ եղել կոռուպցիոն ռիսկերի մասին, որքանո՞վ են ներգրավված եղել կոռուպցիոն համակարգի մեջ: Եթե վերջին հանգամանքն ապացուցող փաստեր ի հայտ գան, շատ հստակորեն Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի և բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջության վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը: Բայց սա ամենը չէ. մենք պետք է ամեն ինչ անենք օֆշորային գոտիներում կուտակված հայաստանյան ծագմամբ ապօրինի փողերը հայտնաբերելու և դրանք Հայաստան վերադարձնելու համար:
Հաջորդ կարևոր դրույթը, որ ցանկանում եմ ընդգծել. մենք հայտարարում ենք, որ իշխանական լծակների տիրապետելու դեպքում տարեկան մինչև 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բոլոր ընկերություններին (նկատի ունեմ՝ գործող և նոր հիմնարվող) երեք տարով ազատելու ենք բոլոր տեսակի հարկերից և լրջորեն քննարկելու ենք գոտիական հարկային քաղաքականություն որդեգրելու հարցը:
Մենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չենք բանակցի՝ եթե գործընթացից բացակա է Արցախի հանրապետության ներկայացուցիչը: Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որևէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում:
Մեզ հաճախ մատուցում են, թե Հայաստանը նույնիսկ առանց Ղարաբաղի մասնակցության պետք է բանակցի Ադրբեջանի հետ, որովհետև բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Իրականում, սակայն, պատերազմները սկսվում են ոչ թե բանակցային գործընթացի բացակայության, այլ ռազմական հավասարակշռության խախտման հետևանքով: Խաղաղության երաշխավորը ոչ թե բանակցություններն են, այլ ուժեղ հասարակությունը, որ կանգնած է մարտունակության ժամանակակից պահանջներին բավարարող բանակի թիկունքին: Բանակցությունները խաղաղության երաշխիք համարողները պարզապես ուշադրություն են շեղում այն փաստից, որ իրենք ձախողել և շարունակում են ձախողել խաղաղության ներքին, ներհայաստանյան երաշխիքների ձևավորման գործընթացը:
Եւ այս պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակաբար հոխորտում է ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանն ու Սևանա լիճը իրենը լինելու մասին, պաշտոնական Երևանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են քան կապիտուլյացիոն ձևակերպումներ:
Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել: Ու եթե ապրելու, մեր պատմական ճակատագրի կրկնվող ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք հայտարարել. Աղդամը մեր հայրենիքն է: Իսկ եթե չունենք այդ կամքը Երևանի ադրբեջանական լինելու մասին Բաքվի հայտարարություններին պիտի պատասխանենք փոխզիջման պատրաստակամության մասին թուլամորթ ձևակերպումներով, ինչպես վարվում են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը և նրանց սատարող ձեզ հայտնի ուժեր:
Պաշտոնական Բաքվի հոխորտալից հայտարարութուններին մեր պատասխանը պետք է լինի Մեծ հայրենադարձությունը, Հայաստանի բնակչության թվի հարաճուն մեծացումը, բանակի, տնտեսության և ռազմարդյունաբերական համալիրի հզորացումը, Հայ ժողովդրդի համախմբումը Հայաստանի և Ղարաբաղի հզորացման օրակարգի շուրջ: Իսկ նման բան հնարավոր է միայն Հայաստանից կառավարման սաշիկական համակարգը արմատախիլ անելու և օրինական, իրավական, ժողովրդավարական հասարակություն կառուցելու դեպքում: Ազգային միասնության դեկլարատիվ կոչերը չեն աշխատել ու չեն աշխատելու: Տևական և իրական ազգային միասնականություն կարող է լինել միայն օրինականության, միայն իրավական պետության շուրջ, մի բան, որ հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում և հենց դա պետք է լինի իշխանափոխությունից ակնկալվող ամենակարևոր արդյունքը:
Ելույթիս նախորդ հատվածում անդրադարձա այն ներքաղաքական նպատակներին և խնդիրներին, որ դրել ենք մեր առաջ: Պակաս սկզբունքային չէ սակայն դրանց հասնելու միջոցների գործիքակազմը: Մենք ամենևին այն կարծիքին չենք, թե նպատակներն արդարացնում են միջոցները: Մենք այն կարծիքին ենք, որ միջոցները խոսում են նպատակների մասին: Մեր նպատակը եղել և շարունակում է մնալ ներդաշնակ, համերաշխ և հոգատար հանրություն ունենալը, որտեղ ժողովրդավարությունն ու օրինականությունն են ազգային միասնության հենքն ու էությունը, որտեղ հարգվում են խոսքի, կարծիք արտահայտելու, չհամաձայնվելու և անհամաձայնությունն արտահայտելու իրավունքը:
Այո, նման վիճակի համար նախևառաջ անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, բայց նաև պետք է խոստովանել, որ սա չի նշանակում, թե իշխանափոխության հաջորդ օրվանից մենք ինքնաբերաբար դառնալու ենք այդպիսի հանրություն: Ոչ ամենևին, հետևաբար մենք այսօրվանից ինքներս մեզ պետք է պատրաստենք ապրել համերաշխ և ներդաշնակ հանրությունում, որքան էլ այսօրվա մեր իրականությունը կիլոմետրերով հեռու է դրանից:
Եւ ուրեմն՝ մեր պայքարի մեթոդաբանությունը պետք է արտահայտվի այն սիմվոլի մեջ, որ ինքնաբուխ ծնվեց Երևանի Խորենացի փողոցում, հուլիսի 20-ին: Բաց և վեր պարզած ձեռքեր. ահա այն սիմվոլը, որը արտահայտում է և մեր նպատակները և այդ նպատակներին հասնելու միջոցների մասին մեր պատկերացումները: Ոչ բռնի, ֆիզիկական ագրեսիվության նշույլ անգամ չպարունակող քաղաքական պայքար է լինելու սա և համոզված եմ, որ սա է մեր պայքարի հաջողության հնարավորությունը մեծացնող կարևորագույն գործոններից մեկը:
Շատերը տարակուսում են, թե բա այդ դեպքում ինչպե՞ս ենք ճեղքելու բռնապետության պատը: Եթե բռնապետության պատը ճեղքելու համար ֆիզիկական ուժի կարիք ունես, ուրեմն այդ ճանապարհով իշխանության հասնելուց հետո «բռնապետության վհուկներին» որսալու պատրվակով շարունակելու ես ուժ կիրառել, որ լռեցնես քո հակառակորդներին, որովհետև նրանք պահանջելու են «հանուն ազատության» հեղված արյան գինը:
Մենք վեր ենք բարձրացնում և բացում ենք մեր ձեռքերը ոչ թե հանձնվելու համար, այլ կանգնեցնելու ինքնակործանման այն խելահեղ մեքենան, որ վաղուց գործարկված է Հայաստանում: Մենք վեր ենք բարձրացնում մեր ձեռքերը, որովհետև գիտենք արյունով քանդված բռնապետությունների տեղը կառուցվում են նոր բռնապետություններ: Մենք վեր ենք բարձրացնում մեր ձեռքերը, որովհետև թույլ չենք տալու, որ Սերժ Սարգսյանը իր և իր վարչակարգի դեմ մեր պայքարը վերածի մեր և ոստիկանների միջև պայքարի: Մենք թույլ չենք տալու, որ Սերժ Սարգսյանը կարողանա ոստիկանության, ԱԱԾ-ի, բանակի աչքերում մեզ դարձնել պետության թշնամի, և թույլ չենք տալու, որ ոստիկանությանը, ԱԱԾ-ին ու բանակին մեր աչքերում դարձնի մեզ թշնամի:
Մեր քաղաքական մարտավարությունն ու ռազմավարությունն է. պայքարել օրենքի և իրավունքի շրջանակներում, և ցուցաբերել 0 ֆիզիկական ագրեսիվություն: Մեր պատկերացրած իշխանափոխության արդյունքում վենդետաներ չեն լինելու, կախաղաններ չեն լինելու, վհուկների որս չի լինելու, քաղբանտարկյալներ չեն լինելու:
Մեր պատկերացրած իշխանափոխության արդյունքում լինելու է օրինականություն, բայց ուզում եմ էլի կրկնել. բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի, օլիգարխի ընտանիքի անդամ հետապնդվի միայն այն պատճառով, որ տվյալ պաշտոնյայի կամ օլիգարխի ընտանիքի անդամ է: Սա չի նշանակում, թե որևէ մեկի կատարած հանցանքի նկատմամբ աչք է փակվելու, սա նշանակում է, որ կախաղաններ և գիլյոտիններ չեն գործարկվելու: Լինելու է լուրջ, մեծ, կարևոր խոսակցություն, որտեղ ամեն մեկը խոսելու, պարզաբանելու, բացատրելու հնարավորություն է ունենալու: Այն ինչ հնարավոր է վերականգնել, փոխհատուցել՝ պիտի փոխհատուցվի, պիտի վերականգվնի: Այն ինչ հնարավոր չէ փոխհատուցել, հնարավոր չէ վերականգնել, ուրեմն պետք է պատժվի խստագույնս, օրենքով նախատեսված խստագույն, բայց միևնույն ժամանակ քաղաքակիրթ ձևերով: Սա է մեր համոզմունքն ու հավատամքը:
Իհարկե, կարող են լինել մարդիկ, ովքեր սրա հետ համաձայն չեն: Դա իրենց իրավունքն է: Բայց այդպիսով պետք է արձանագրել, որ մենք համախոհ չենք և ուրեմն չունենք և չենք կարող ունենալ ընդհանուր քաղաքական ճանապարհ: Մեզ համար միջոցները նույնքան կարևոր են, որքան նպատակները, որովհետև նպատակները թելադրում են միջոցներ, միջոցները բացահայտում են նպատակները:
Մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանի ապօրինի և կոռումպացված իշխանության պատը կարելի է և պետք է ճեղքել միայն ժողովրդական կամքով, ժողովրդի որոշմամբ: Մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք, ժողովրդի կամարտահայտման նպաստավոր պայմաններ ստեղծելու համար և սա է լինելու մեր քաղաքական գործունեության նպատակն ու իմաստը:
Բայց, կրկնում եմ, իշխանափոխության որոշումը պետք է կայացնի ժողովուրդը և այդ որոշումը պետք է լինի տեսանելի և ապացուցելի: Եթե ժողովուրդը ուզում է փոփոխություն, նա պետք է ցուցադրի իր կամքն ու որոշումը, ընդ որում՝ դա պետք է անի մոտակա բոլոր առիթներով:
Այդպիսի առիթ են առաջիկայում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց նշանակությունը մենք երկար տարիներ զարմանալիորեն թերագնահատել ենք, արդյունքում հանրապետության գյուղապետերի և համայքապետերի 90 տոկոսը հանրապետականներ են: Տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ քվեարկում են գյուղապետի հանրապետական թեկնածուների օգտին և մեզ հետ հանդիպումների ընթացքում պահանջում փոփոխություններ անել, իշխանափոխություն անել Հայաստանում:
Եթե նույնիսկ հանրապետականի, կամ արբանյակ կուսակցությունների անդամ գյուղապետի կամ ավագանու անդամի թեկնածուն ձեր ազգականն է, դասարանցին կամ հարևանը, նրան ձայն տալով դուք քվեարկում եք Սերժ Սարգսյանի օգտին, վստահության քվե եք տալիս գործող իշխանությանը, ամրացնում այդ իշխանությանը: Սրանից հետո Սերժ Սարգսյանին հեռացնելու, իշխանությունը փոխելու ձեր պահանջները ընդամենը զրույց են, խոսակցություն, կենաց:
Քաղաքական ամենակարևոր գործողությունը ձեր քվեն է, ձեր ձայնը, որ դուք շատ հաճախ տալիս եք Սերժ Սարգսյանի թիմակիցներին:
Նման քայլ անելով դուք հարվածում եք փոփոխությունների հնարավորությանը, դառնում թալանի և անկման քաղաքական հենարան: Եթե դուք ուզում եք փոփոխություն, նույնիսկ գյուղապետի կամ ավագանու ընտրություններում չպետք է քվեարկեք իշխող կուսակցության կամ նրա գործընկերների օգտին, և պետք է քվեարկեք այն թեկնածուի և քաղաքական ուժի օգտին, որի օգտին քվեարկելը պիտի նշանակի իշխանափոխություն, որի օգտին քվեարկելը կնշանակի որևէ քաղաքական ուժի լիազորել կազմակերպելու Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից:
Եթե ձեր գյուղում նման քաղաքական ուժ ներկայացված չէ, ուրեմն դուք ինքներդ պետք է նախաձեռնեք, որ ձեր գյուղում, համայնքում այդ կուսակցության տարածքային կազմակերպություն ստեղծվի, թեկնածուներ առաջադրվեն, որ դուք ունենաք ընտրություն, և այս գործընթացքում կարող եք միանշանակ աջակցություն և ըմբռնում ակնկալել մեզնից:
Ամենահեռավոր գյուղի գյուղապետի կամ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկողը քվեարկում է Սերժ Սարգսյանի օգտին: Մեկ ընդդիմության օգտին քվեարկողը, քվեարկում է իշխանափոխության օգտին:
Արեք ձեր ընտրությունը, կայացրեք ձեր որոշումը, տվեք մեզ իշխանափոխություն իրականացնելու մանդատ և մենք ձեզ կտանք իշխանափոխություն: Մենք չենք կարող և չենք որոշի ձեր փոխարեն, մեր իրականություն կդարձնենք, կյանքի կկոչենք ձեր կայացրած ցանկացած որոշում:
Հաջորդ հարցը, որի պատասխանը պետք է հնչի հենց հիմա, հետևյալն է. իսկ ինչու՞ մենք հենց այսօր չենք հայտարարում Թավշյա հեղափոխության մեկնարկը:
Բանն այն է, որ Թավշյա հեղափոխության համար պետք է շատ կոնկրետ առիթ, պետք է առաջանա շատ կոնկրետ քաղաքական կոնֆլիկտ, որը հնարավոր լինի զարգացնել, հասցնել կուլմինացիայի և հանգեցնել լուծման՝ իշխանափոխության տեսքով: Շատերը կարող են հարցնել, թե արդյոք նման կոնֆլիկտ չէ այն, որ Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը շարունակաբար թալանում են երկիրը: Սա իրողություն է, բայց այդ իրողությունը տեղ ունի վերջին 8 տարում, բայց ինչպես տեսնում ենք, Թավշյա հեղափոխություն չի դարձել:
Հաստատապես՝ նաև այն պատճառով, որ չենք ունեցել այդ իրողությունը իշխանափոխություն դարձնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածք, որը ոչ թե մաշեցնի, մսխի իշխանափոխության հնարավորությունը, այլ իրացնի այն: Այդ ենթակառուցվածքի անունը մենք դրել ենք մեկ ընդդիմություն, ինստիտուցիոնալ ընդդիմության: Դեռ երկու տարի առաջ ԱԺ ամբիոնից հայտարարել եմ. քանի դեռ Հայաստանում չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, Սերժ Սարգսյանի և նրա վարչակազմը վերարտադրվելու է, եթե նույնիսկ Թավշյա հեղափոխության առիթներ ստեղծվեն շաբաթը մեկ անգամ:
Սա նման է ֆուտբոլային հայտնի իրավիճակին. խաղի ընթացքում կարող են բազմաթիվ գոլային պահեր լինել, բայց գոլ այդպես էլ չգրանցվի, որովհետև չկա այն հարձակվողը, այն թիմը, որ կարող է իրացնել գոլային իրավիճակը:
Հետևաբար՝ Թավշյա հեղափոխության առիթ փնտրելուց առաջ պետք է այդ առիթը կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելու համար անհրաժեշտ ենթակառուցվածք ունենալ: 6000 վստահված անձ, ստվերային կառավարություն՝ իր մանրամասն և հասկանալի ծրագրով, ստվերային կառավարության ֆինանսավորման ժողովրդական և հուսալի մեխանիզմով: