Խորհրդարանը դե ֆակտո «Ֆեյսբուք» ցանցն է, ԱԺ նախագահը՝ Մարկ Ցուկերբերգը. Թեւան Պողոսյան
ՔաղաքականությունԱյսօր Հայաստանի Հանրապետության դե ֆակտո խորհրդարանը Ֆեյսբուք սոցիալական ցանցն է, իսկ դե ֆակտո ԱԺ նախագահը Մարկ Ցուկերբերգը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
«Դրական տպավորություն չունեմ անցած տարիների մեր աշխատանքից։ Ձեւական կողմը հավուր պատշաճի կարծես պահել ենք։ Բովանդակային մասով, կարծում եմ, պատմությունը մեր մասին պարզապես կմոռանա։ Ամենահիմնականը, որ պիտի անեինք, մենք չենք արել. խորհրդարանը չենք դարձրել մեր ժողովրդին հուզող հարցերի թիվ մեկ ամբիոնը։ Այն, ինչի համար մենք բոլորս աշխատավարձ ենք ստանում, մեր փոխարեն իրականում անում է համացանցը»,- ասել է նա:
Թեւան Պողոսյանի խոսքով՝ պատճառը, միգուցե, այն էր, որ պատրաստ չէին ժամանակի ընթացքին, ծուլացել են կամ բավական գրագետ չեն եղել:
«Մենք թշնամանքի դեմն առնող և փոխադարձ հարգանքի վրա խարսխված խաղի կանոններ չկարողացանք թելադրել, որովհետև մենք էլ խաղացինք հին կանոններով»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ այս նստաշրջանում կուղղեն սխալները: