«Նոյեմբերի 5»-ի գործով նախկին դատապարտյալ Արմեն Հովհաննիսյանն առաջադրվել է Կապանի ավագանու ընտրություններում
ՔաղաքականությունNEWS.am-ը գրում է՝
«Նոյեմբերի 5»-ի գործով նախկին դատապարտյալ Արմեն Հովհաննիսյանն առաջադրել է իր թենածությունը Սյունիքի մարզի Կապան քաղաքի ավագանու ընտրություններում:
«Որոշել եմ ընտրել պայքարի այս տարբերակը: Ես չեմ տարբերակում պայքարի ձեւը: Կամ պայքարում ես, կամ չես պայքարում: Դա նույնպես պայքար է, որ փորձես ընտրվել, փոփոխություններ մտցնել տարբեր իրավիճակներում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Նա Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է:
Հիշեցնենք, որ Արմեն Հովհաննիսյանը «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, պատժի ժամկետը լրանալուց հետո` 2015թ. նոյեմբերի 5-ին, ազատ արձակվել:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից: Երթի մեկնարկին Մաշտոցի պողոտայում բախումներ էին սկսվել ոստիկանների հետ, հնչել էին պայթյուններ, մի քանի տասնյակ մարդ բերման էր ենթարկվել: Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ երթի եւս 12 մասնակիցների մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման: Նրանցից Տիգրան Պետրոսյանը եւս ազատ է արձակվել: