Ասեց` ոչ մեկին չդիմեք, չխնդրեք. Խանդոյանի վստահված անձը մանրամասներ է պատմում նրա հետ հանդիպումից
ՔաղաքականությունԾաղկահովիտի համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն իր լիազորված անձանց ասել է` ոչ մեկին չխնդրել քվեարկել իր օգտին:
«Ասեց` ոչ մեկին չդիմեք, չխնդրեք, ով ոնց ուզում ա` թող գնա իր սրտով քվեարկություն անի: Գրված ա` թող իրենք կարդան, ընտրեն: Ով արժանիք ունի, թող իրա խղճով գնա ընտրության»,- NEWS.am-ի հետ զրույցում Խանդոյանի հետ հանդիպման մանրամասները պատմեց նրա լիազորված անձանցից Զավեն Հակոբյանը:
Նա նշեց, որ Արայիկ Խանդոյանի տրամադրությունը բարձր է եղել, նա ասել է, որ վստահ է իր հաղթանակում. «Շատ ուրախ ընդունեց մեզ, բոլորին բարեւեց, ասեց` ամեն ինչ լավ կլինի, մենք դուրս կգանք, ժողովուրդն էլ կապրի իր ուզած ձեւով: Ծաղկահովիտցիներն իրեն սիրում ու հարգում են, որպես հերոս բոլորն իր կողքը կանգնած են»:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Արայիկ Խանդոյանից բացի եւս երկու թեկնածու կա: