Բողոքարկվել են 49 տեղամասերի քվեարկության արդյունքներ
Քաղաքականություն2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 377 համայնքներում` այդ թվում Գյումրիում եւ Վանաձորում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվել է 32 դիմում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Սահմանված ժամկետում թիվ 23, 24, 26, 27, 29, 34, 36 եւ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 32 դիմում՝ թվով 49 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ:
Տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Ընտրական հանձնաժողովներում ստացվել են նաեւ ընտրություններին առնչվող 152 այլ դիմումներ: Նշված դիմումներից 31-ը ներկայացվել են թիվ 27 ԸԸՀ եւ 12-ը` թիվ 34 ԸԸՀ, իսկ թվով 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հասցեագրված մյուս 109 դիմումները ներկայացվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Բոլոր դիմումներն սահմանված կարգով եւ ժամկետներում կքննարկվեն ընտրական հանձնաժողովների կողմից: