Պատգամավոր. Վանաձորում «Հայկական վերածննդի» հաջողությունը պայմանավորված է կուսակցության աշխատանքով եւ Փելեշյանի անձով
ՔաղաքականությունՎանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Հայկական վերածննդի» հաջողությունը պայմանավորված է կուսակցության աշխատանքով եւ ընտրացուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի անձով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես «Օրինաց երկիր» կուսակցությանը հաջողվեց նոր՝ «Հայկական վերածննդի» տեսքով հաջողության հասնել, պատգամավորը նշեց, որ պատճառը «Հայկական վերածննդի» աշխատանքն է:
«Այստեղ, բնականաբար, ակնհայտ էր, որ կուսակցությունը, որպես համակարգ, բավական արդյունավետ աշխատեց: Երկրորդ՝ ավագանու անդամ Արկադի Փելեշյանը ճանաչված է Վանաձորում, մշտապես շփվում է ժողովրդի հետ: Անձամբ եմ տեսել, թե ինչ ջերմությամբ են նրան վերաբերվում: Մարդը երկար տարիներ շփվել է ժողովրդի հետ, օգնել, իսկ դա շատ կարեւոր է»,- ընդգծեց Մհեր Շահգելդյանը:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք անձն ավելի առաջնահերթ դեր կատարեց ընտրություններում, խորհրդարանականը նշեց. «Միանշանակ ասել չի կարելի: Անձն ու քաղաքական ինստիտուտը լրացնում են իրար: Մենք աստիճանաբար գնում ենք ինստիտուցիոնալացման՝ ինչպես եվրոպական բոլոր ժողովրդավարական երկրներում: Բայց, իհարկե, անձի գործոնը նույնպես կարեւոր է»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում ավագանու ընտրություններ էին: Նախնական տվյալներով՝ Վանաձորում իշխող ՀՀԿ-ն 13 մանդատ է ստացել, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, «Հայկական վերածնունդը»՝ 5, ԲՀԿ-ն՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: