Վերաքննիչը մերժեց Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
ՔաղաքականությունԶանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը։ NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը ներկա է գտնվել միջնորդության քննությանը, նա ելույթ է ունեցել եւ եւս մեկ անգամ հավաստիացրել, որ ազատության մեջ ինքը չի խոչընդոտի քրեական գործի նախաքննությանը։
«Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ ինքը նույնպես շահագրգռված է, որպեսզի այս գործը շուտ բացահայտվի եւ իրական մեղավորները բացահայտվեն եւ ինքն ու մյուս տղաներն ազատվեն քրեական պատասխանատվությունից»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանը ՀՔԾ-ում քննվող հուլիսի 29-ի դեպքերի գործով տուժողի կարգավիճակ է ստացել, իսկ Քննչական կոմիտեի կողմից քննվող գործով՝ մեղադրյալի կարգավիճակ։
ՀՔԾ-ում քննվող հուլիսի 29-ի դեպքերի գործով տուժողի կարգավիճակ է ստացել նաեւ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Դավիթ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։