Չպետք է չափից շատ ոգեւորվեն շատ ձայն ստացած կուսակցությունները. Շարմազանով
ՔաղաքականությունՀՀԿ-ի գնահատականը կլինի ընտրություններից հետո: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե «Լուսավոր Հայաստանի» եւ «Հայկական վերածնունդի» միավորումից հետո ՀՀԿ-ն Վանաձորում ընդդիմություն կդառնա:
«Վանաձորում որեւէ կուսակցություն 40+1 ձայն չի հավաքել, Վանաձորում, այնտեղ անհրաժեշտ է կոալիցիա, որպեսզի 50+1 մանդատ լինի, այսինք՝ 17 մանդատ պետք է լինի: Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում՝ ինչ անել, ում ձայն տալ: Կլինի այնպես, ինչպես կլինի, կլինի այնպես, ինչպես կընտրեն ավագանու 33 անդամները»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ Վանաձորին անհրաժեշտ է ձեւավորել կենսունակ քաղաքային իշխանություն, որը ժողովրդի մատից փուշ կհանի:
ՀՀԿ մամուլի խոսնակը հիշեցրեց, որ ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրություններից տարբերվում են, այնպես չէ, որ ինչքան ձայն ստանաս ՏԻՄ ընտրություններում, նույնքան էլ կհավաքես խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Պետք չէ հուսահատվեն այն կուսակցությունները, որոնք քիչ են ստացել, եւ հակառակը, չպետք է չափից շատ ոգեւորվեն այն կուսակցությունները, այդ թվում մենք, որ շատ ձայն ենք ստացել»,- ասաց նա: