Վահրամ Բաղդասարյանը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. Անփոխարինելիներ մեզ մոտ չկան
ՔաղաքականությունՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը նրան իր թիմում չի տեսնում։ Այս մասին հոկտեմբերի 7–ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նա վստահ է, որ Խաչատրյանը շատ հաջող մարզպետ է եղել։ Իսկ որոշումը կայացրել է վարչապետը՝ համաձայնեցնելով այն նախագահի հետ։ «Ինչու՞ է նա հեռացել։ Այդ հարցը կարող եք տալ ցանկացած նախկին նախարարի կամ մարզպետի։ Բայց անփոխարինելիներ մեզ մոտ չկան։ Պետք չէ կարծել, որ եթե Խաչատրյանին հանել են, նշանակում է պատժելու են։ Եթե հանել են, դա դեռ չի նշանակում, որ նա մեղավոր է։ Եթե մեկին պաշտոնից հանում են, ուրեմն նրան պետք է դատե՞ն։ Ինչի՞ համար։ Կարելի է քննադատել, հասկանալ, թե ինչը նրան չի հաջողվել եւ ինչու։ Բայց պատժի մասին խոսել պետք չէ»,– ասել է Բաղդասարյանը եւ հավելել, որ Սուրիկ Խաչատրյանը կշարունակի աշխատանքը ՀՀԿ–ում։