Մեր անդամները, ըստ պայմանավորվածության, կոնկրետ ձեւով են քվեարկել. «Հայկական վերածնունդի» խոսնակ
ՔաղաքականությունՎանաձորի քաղաքապետի քվեարկությանը «Հայկական վերածնունդ» կուսակցության 5 անդամները քվեարկել են կոնկրետ ձեւով, որն ապացուցում է, որ նրանք քվեարկել են ըստ պայմանավորվածության: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը:
«Տարբեր կուսակցություններ փորձում են տարբեր շահարկումներ անել: Մինչեւ քվեարկությունը մեր ավագանիների անդամների հետ, որոնք պետք է քվեարկեին քաղաքապետի թեկնածուի օգտին, պայմանավորվածություն է եղել, որպեսզի կոնկրետ ձեւով քվեարկեն: Քվեարկության արդյունքում կոնկրետ ձեւով հինգ նմանատիպ քվեարկության կա քվեարկած թերթիկների մեջ, որը նշանակում է , որ մեր բոլոր 5 անդամները քվեարկել են ըստ նախապես ստորագրված համաձայնագրի»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանի նիստում այսօր քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 33 քվեներից 19-ը, իսկ նրա մրցակից, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն ստացել է 14 կողմ ձայն:
Սա հատկանշական է նրանով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ հուշագիր էին ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Այդ երեք ուժերը միասին ստացել են Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։
Փաստորեն Վանաձորի ավագանիում ոչ իշխանակում ուժերը ներկայացնող ավագանիներից ոչ բոլորն են քվեարկել ըստ ձեռք բերված պայմանավորվածության: Նրանցից 4-ը քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, որի արդյունքում քաղաքապետ է դարձել Մամիկոն Ասլանյանը:
Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ՀՀԿ-ն ճնշումներ է իրականացնում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք վեարկեն իրենց թեկնածուի օգտին: