ԲՀԿ-ի անդամները կատարել են պայմանավորվածությունը. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքականություն«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր պայմանավորվածությունը պահել է եւ քվեարկել ըստ պայմանավովածության: Այս մասին այօր՝ հոկտեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ, խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Ես անձամբ զրուցել եմ Վանաձորի հիշյալ հանձնաժողովի նախագահ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Հայկազ Սիմիկյանի հետ, որը վերահաստատել է, որ ԲՀԿ-ի անդամները կատարել են պայմանավորվածությունը»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ավագանի նիստում այսօր քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 33 քվեներից 19-ը, իսկ նրա մրցակից, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանն ստացել է 14 կողմ ձայն:
Սա հատկանշական է նրանով, որ Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ հուշագիր էին ստորագրել, որ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Այդ երեք ուժերը միասին ստացել են Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։
Փաստորեն Վանաձորի ավագանիում ոչ իշխանական ուժերը ներկայացնող ավագանիներից ոչ բոլորն են քվեարկել ըստ ձեռք բերված պայմանավորվածության: Նրանցից 4-ը քվեարկել է ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին, որի արդյունքում քաղաքապետ է դարձել Ասլանյանը:
Մինչ այդ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ՀՀԿ-ն ճնշումներ է իրականացնում ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք վեարկեն իրենց թեկնածուի օգտին: