Քաղաքագետ. Ցանկանում եմ սիրիահայերի համար լավագույնը հուսալ, բայց դժվար է
ՔաղաքականությունՑանկանում եմ սիրիահայերի համար լավագույնը հուսալ, սակայն լավատեսության առիթները քիչ են: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողներին ասաց քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Սիրիայում 10 հազարից ոչ ավելի հայ է մնացել: Ոչ ոք ի վիճակի չէ ճշգրիտ հաշվարկ կատարել, սակայն դժվար է պատկերացնել, որ նրանք կարող են ավելի շատ լինել:
«Հալեպում իրավիճակն անչափ ծանր է, քանի որ քաղաք մտնող ջրատարները, նաեւ կոյուղին վնասված են: Այնտեղ հիմա անմարդկային ծանր պայմաններ են»,- հավելեց քաղաքագետը:
Նա նշեց, որ պետք է ողջունել Հայաստանի կառավարության հումանիտար առաքելությունը, որը Հալեպ է ուղարկել օգնություն հասցնող երկու ինքնաթիռ:
«Ցավոք, մեր պետությունն անկարող է ավելի ծավալուն օգնություն կազմակերպել, այդ թվում՝ նաեւ վերաբնակեցման: Չնայած դա պետք է առաջնահերթություններից մեկը լինի: Բայց ինչի մասին խոսենք, երբ իրենք Հայաստանի բնակիչներն են երկրից հեռանում»,- ամփոփել է Հարությունյանը: