Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի նորընտիր Գլխավոր քարտուղարին
ՔաղաքականությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Միանգամայն ողջունելի է եւ հուսադրող, որ համաշխարհային Կազմակերպության ղեկավարման պատասխանատու առաքելությունը ստանձնում է Ձեզ նման արհեստավարժ պետական գործիչը, որն ունի տասնյակ տարիների փորձառություն` ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզներում:
Ձեր իմաստնությունը, գիտելիքներն ու կարողությունները խիստ պահանջված են` հատկապես միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար այս հարափոփոխ ժամանակաշրջանում: Կասկած չունեմ, որ Ձեր հմուտ ղեկավարումը կնպաստի Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ամրապնդմանը եւ նրա օրակարգային հարցերի առաջմղմանը: Ձեզ հաջողություններ եմ մաղթում այս դժվարին եւ կարեւոր առաքելության իրականացման գործում:
Կցանկանայի Հայաստանի եւ անձամբ իմ աջակցությունը հայտնել Ձեզ եւ ակնկալել, որ մենք համագործակցության շատ հնարավորություններ կունենանք: Անշուշտ, Հայաստանը շարունակելու է իր նպաստը բերել Միավորված ազգերի կազմակերպության նպատակների ու իղձերի իրականացմանը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: