Մեկնարկել են լսումները. անելիքներն է ներկայացրել Փաշիկ Ալավերդյանը
ՔաղաքականությունՍպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում մեկնարկել են օլիմպիական խաղերին մասնակցած մարզաձևերի հավաքական թիմերի մասնակցության հաշվետվությունների լսումները:
Հաշվետվությունն առաջինը ներկայացրել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը.
«Օլիմպիական չեմպիոններ պատահական չեն դառնում: Սա երկար և բազմափուլ ճանապարհ է: Մարզիկը նախ պետք է Եվրոպայի, աշխարհի մրցանակակիր լինի, թրծվի միջազգային մրցաշարերում: Սրանք կարևոր գործոններ են»,- ասել է Ալավերդյանը:
Տոկիո-2020-ին ընդառաջ անելիքների մասին խոսելիս մարզիչն ասել է «Մարզիկի նախապատրաստումը հաջորդ օլիմպիական խաղերին սկսվում է անմիջապես, երբ նա ընթացիկ խաղերի մրցահարթակում վայր է դնում ծանրաձողը: Մենք հանգստանալու ժամանակ չունենք»:
Ալավերդյանը խոսել է նաև մարզիկների հետ աշխատող սպորտային հոգեբանի կարևորության մասին, որի անհրաժեշտությունը զգացվում է հատկապես վնասվածքներից հետո:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատվել է լավ,- հայտնում է նախարարության պաշտոնական կայքը: