Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեցին 1-ին ընթերցմամբ. Ոչ իշխանական ուժերը պայման դրեցին
ՔաղաքականությունՀայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, 104 կողմ, դեմ 4, 1 ձեռնպահ ձայներով ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ հարակից օրենքների փաթեթը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ նախքան քվեարկությունը վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով. «Մենք միտում ենք տեսնում ձեռքբերված համաձայնությունը տապալելու: Կառավարության ներկայացուցիչը, դիտավորությամբ կամ միտումնավոր կերպով, չի ցանկանում «սուտ» բառը ավելացնել նախագծում: Մեր քննարկումները այս պահին կարծես որեւէ հանգուցալուծման չեկան: Համաձայնությունը չեղարկելը նշանակելու է, որ մենք զրկվելու ենք ընտրացուցակները հրապարակելու կարեւոր պահանջից, որը ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել: Չեղարկվելու է նաեւ ընտրատեղամասերում նկարահանելը, նաեւ ուրիշի փոխարեն քվեարկելու համար պատասխանատվությունը: ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ քվեարկում է կողմ, որովհետեւ մեզ ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոստացել է, որ քննարկումները կշարունակվեն, եթե չեկանք համաձայնության երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը չենք մասնակցելու»:
Ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Որեւէ միտում չկա հիմնական զեկուցողի կողմից: Կան մասնագիտական տարբեր մոտեցումներ: Մենք նոր հավաքվեցինք 5 քաղաքական ուժերով, քննարկեցինք եւ ընդհանուր մոտեցմանը բոլորս կողմ ենք, որովհետեւ երկար աշխատանք է կատարվել, միայն մեկ հարցի շուրջ կան տարբեր մասնագիտական մոտեցումներ: Ես հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին կողմ քվեարկել առաջին ընթերցմանը, իսկ մինչեւ երկրորդ ընթերցում կփորձենք քննարկումներով հարթել եղած խնդիրները»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եւս ներկայացրեց խնդիրը՝ նշելով. «Խնդիրը հետեւյալն է. ոչ թե դեմ ենք ձեռք բերված համաձայնությանը եւ դրա տեքստին, այլ դրա արտացոլմանը, մասնավորապես, քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի դիսպոզիցիային, որը տվյալ խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսում նաեւ անզգույշ մեղքով ընտրական հանձնաժողովին դիմելու համար, եթե քաղաքացին բավարար հնարավորություն չի ունեցել ստուգելու: Այսինքն մենք սուտ ցուցմունք տալու նույն նորմը կիրառում ենք ավելի պարզեցված եւ անզգույշ մեղքի պայմաններում, ինչն անընդունելի է»: