Սերժ Սարգսյանը ներկա է եղել Վանաձորի բուժկենտրոնի հիմնարկեքին. կատարվել է 6.6 մլրդ դրամի ներդրում
ՔաղաքականությունԼոռու մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, այցելել է Վանաձորի բժշկական կենտրոնի շինհրապարակ, որտեղ կառուցվում է նոր բժշկական համալիր՝ կազմված շուրջ 3,270 քմ մակերեսով ծննդատան եւ շուրջ 11,880 քմ մակերեսով հիմնական մասնաշենքներից:
Դեռեւս 2013թ. Հանրապետության նախագահը ներկա էր գտնվել այս բժշկական կենտրոնի հիմնարկեքին: Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի եւ կենտրոնի կառուցման ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել բուժհաստատության մասնաշենքերում, ծանոթացել ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի համաձայն կենտրոնում ընթացող աշխատանքներին:
ՀՀ նախագահին զեկուցվել է, որ մարզերում իրականացվող հերթական՝ Վանաձորի բժշկական կենտրոնի արդիականացման արդյունքում, նախատեսվում է էապես բարելավվել բժշկական ծառայությունների որակը եւ մատչելիությունը՝ մարզի եւ հարակից տարածաշրջանների ամբողջ ազգաբնակչության համար անմիջապես տեղում` սեփական բնակավայրերին մոտ, արժանավայել պայմաններում հասանելի դարձնելով երկրորդային եւ երրորդային մակարդակի բժշկական ծառայությունները, որպեսզի նրանք այդ նպատակով ստիպված չլինեն մեկնել մայրաքաղաք:
Մարզի պատասխանատուների կողմից բարձրացվել է կենտրոնի շահագործումից հետո, այն նեղ մասնագետներով եւս ապահովելու հարցը, որի կարիքը մարզն այսօր ունի: Առողջապահության ոլորտի պատասխանատուներին Նախագահը հանձնարարել է քննարկել խնդիրը եւ արդյունավետ լուծում գտնել ինչպես այս, այնպես էլ այլ մարզերում նման խնդիր ունեցող արդիականացված բժշկական կենտրոնների համար:
Արդիականացման ծրագրի շրջանակներում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում նախատեսվում է, ընդհանուր առմամբ, իրականացնել շուրջ 6.6 մլրդ դրամի ներդրում, որից՝ ծննդատան մասնաշենքի կառուցման, ինչպես նաեւ բժշկական սարքավորումներով եւ անհրաժեշտ կահույքով կահավորման նպատակով զգալի ներդրումներ է իրականացնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Հիմնական մասնաշենքի կառուցումն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն: Այդ մասնաշենքի բժշկական սարքավորումներով եւ կահույքով ապահովման աշխատանքները կիրականացվեն Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում:
