Մեր հետեւում որեւէ հայտնի մեկը կանգնած չէ. կայացավ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը (ֆոտո)
ՔաղաքականությունՄեր հետեւում որեւէ հայտնի մեկը կանգնած չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովի ժամանակ նշել է շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նա իր ելույթում նշեց, որ այս շարժումը հաղթանակած սերնդի շարժում է լինելու եւ «Միասնություն» համազգային շարժումը նոր ուժ է Հայաստանի քաղաքականության մեջ: Արամ Վարդանյանի խոսքով` այն խոսակցությունները, թե այս շարժման հետեւում հայտնի անձինք են կանգնած, իրականության չեն համապատասխանում:
«Հավաքվել ենք մի գաղափարի շուրջ, մեր հետեւում որեւէ հայտնի մեկը կանգնած չէ, հենց այդ հայտնի մարդիկ են երկիրն այս վիճակին հասցրել, իսկ այս շարժումն այլ գաղափարի շուրջ է ստեղծվել: Սա գաղափարական սերունդների շարժում է: Սա հաղթանակած սերնդի շարժումն է: Մեզ կարող են միանալ այն մարդիկ, որոնք կիսում են մեր գաղափարները, որոնք պատրաստ են իրենց առօրյան նվիրել պետության զարգացմանը»,-ասաց նա:
Արամ Վարդանյանը նշեց, որ սերնդի գաղափարական եւ արժեքային համակարգն հիմնված է լինելու հայրենասիրության, սոցիալական արդարության եւ հավասարության, երիտասարդների ինտելեկտուալ ներուժի օգտագործման վրա:
«Միասնություն» համազգային շարժմանը միացած «Հայազն» կուսակցության համակարգող խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանն էլ նշեց, որ կարճ ժամանակ է, որ իրենց կուսակցությունն համագործակցում է այս շարժման հետ եւ արդեն համոզվել է, որ այն ուժի եւ ինտելեկտի համատեղման շարժում է:
Նշենք, որ «Միասնություն» համազգային շարժման հռչակած նպատակներն են` բնականոն սերնդափոխության ապահովումը, առողջ մրցակցային դաշտի ստեղծումը, հայրենասեր անհատների, կարող ուժերի ու ինտելեկտուալ ներուժի համախմբումը, պետության կառավարության փիլիսոփայության փոփոխությունը, համազգային միասնության հաստատումը:
Այս նպատակներին հասնելու միակ ռեսուրսն այն մարդիկ են, որոնք կիսում են շարժման հռչակած սկզբունքները:
