Թուրքական մամուլում շարունակվում են Թուրքիայի զինված ուժերը Սիրիա մտցնելու սցենարների հետ կապված տեղեկությունների հրապարակումները
Ուշադրության կենտրոնումԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքական մամուլում շարունակվում են Թուրքիայի զինված ուժերը Սիրիա մտցնելու սցենարների հետ կապված տեղեկությունների հրապարակումները: Սիրիայի հիմնախնդրի վերաբերյալ կայացած մի շարք քննարկումներից հետո նախօրեին կայացել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի օրակարգային գլխավոր հարցը եղել է Սիրիայի հյուսիսում վերջին զարգացումներն ու իրավիճակը:
Ուշագրավ է ԱԱԽ-ի նիստից հետո տարածված հաղորդագրությունը, որտեղ հստակ շեշտվում է Սիրիայի հյուսիսում «դեմոգրաֆիական պատկերի փոփոխմանն ուղղված գործողությունների» նկատմամբ թուրքական կողմի անհանգստությունների մասին: Իհարկե, սա ուղղված է Սիրիայի հյուսիսում այսպես ասած «քրդական միջանցքի» ձևավորմանը, ինչի մասին հայտարարել էր նաև Էրդողանը:
Ներկայում մեծ թվով զրահատեխնիկա է կենտրոնացված սահմանին: Իշխանություններին մոտ կանգնած լրագրողներից մեկը ԱԱԽ-ի նիստից հետո գրել էր, որ օրակարգային խնդիրը «անվտանգության գոտու» ստեղծումն է, որի տարածքում էլ նախատեսվում է իրականացնել ընդդիմադիր զինյալների ուսուցումը: Անվտանգության գոտին նախատեսվում է ստեղծել 110 կմ սահմանի երկայնքով, սակայն դեպի Սիրիա խորության մասին դեռևս, կարծես, որոշում չկա: Քննարկվում է 5 կամ 10-15 կմ խորության տարբերակները:
Այս հարցում Թուրքիան ակտիվ բանակցում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ` Իրանի և Ռուսաստանի հետ: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` արտգործնախարար Չավուշօղլուն ԱՄՆ-ին է ներկայացրել Թուրքիային ուղղված սպառնալիքները, անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությունը և առաջարկել ԱՄՆ-ի հետ միասին քայլեր իրականացնել այդ ուղղությամբ, հակառակ պարագայում` Թուրքիայի կողմից ինքնուրույն նման գործողության գնալու հնարավորությունը: